▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անգամ ռեպորտաժի լեզուն մեր պոստերներն էին, իսկ լսարանը` ՀՀԿ պատգամավորները

Ազգային Ժողովում մի քանի լրագրողներիս այսօրվա ակցիայից հետո սոցիալական ցանցերում փորձում են տարածել այն տեսակետը, թե լրագրողական էթիկայից դուրս է այդ արարքը, օբյեկտիվ չէ, այս չէ այն չէ: Սակայն ինձ մոտ մի քանի «բայցեր» ու հարցեր են առաջանում այդ առիթով:
Նախ, ըստ այդ «էթիկամետների» տրամաբանության, լրագրողը իրավունք չունի քաղաքացիական դիրքորոշում ունենալու: Նա պարտավոր է իր «պարտքը» կատարել եւ վերջ: 
Իսկ ի՞նչ է մտնում այդ «պարտք» ասվածի մեջ: Արդյոք լրագրողը պարտավոր չէ՞ հանրությանը իրազեկել, օրինակ` պետական դավաճանության մասին, կամ երբ լրագրողը տեսնում է երեխայի վրա կրակ բացող ահաբեկչին, հանցագործին կամ զինվորականին, արդյոք չպե՞տք է միջամտի: Սրանք հարցեր են, որոնք նույնիսկ միջազգային լրագրության մեջ չունեն միանշանակ պատասխաններ:
Վերադառնամ ԱԺ ակցիային.
Ես` որպես լրագրող համարում եմ, որ ոչ միայն իմ քաղաքացիական պարտքն է պայքարել այդ օրինագծի դեմ, այլեւ` որպես լրագրող ԽՈՍԵԼ այդ մասին: Ազգային Ժողովում այսօրվա լրագրողական ակցիան ԽՈՍՔԸ արտահայտելու տարբերակներից ընդամենը մեկն էր: 
Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին լրագրողական հետաքննություն տեսնել մեր պոստերների փոխարեն, կարող են իրենք նման հետաքննությամբ հանդես գալ: Մենք` այդտեղ գտնվող լրագրողներս, նման հետաքննություններ անելու կարողություններ չունենք եւ բավարարվում ենք ռեպորտաժի ժանրով , միայն թե այս անգամ ռեպորտաժի լեզուն մեր պոստերներն էին, իսկ լսարանը` ՀՀԿ պատգամավորները: 
Հ. Գ. Սա գրեցի` որպես լրագրող եւ փորձեցի հնարավորինս կոռեկտ ու փաստական լինել, այլապես էթիկայի մասին գրող որոշ լրագրողների եւ «ֆեյսբուքիստների» ստիպված կլինեի հիշեցնել իրենց անցյալը եւ ինչու չէ նաեւ` ներկան:

 
Աննա Եղիազարյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее