Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածուները օրերս քարոզարշավ են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ղեկավար Արտակ Ալեքսանյանն, իր ելույթում, մասնավորապես նշել է.
«2014թ.-ին Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի ջանքերով վերանորոգվեց և բարեկարգվեց մեր Մալաթիայի պուրակ-այգին, որտեղ զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով։ Երևանի քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են կրթական և մշակութային ոլորտները։ Ժողովուրդ ջան, ամեն ինչը համեմատության մեջ է։ Եկեք համեմատենք սրանից 10 տարի առաջ ինչ վիճակում էին գտնվում մեր մանկապարտեզները և դուք կտեսնեք ինչ ահռելի գործ է արվում»։
Այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցում. շատերը հումորով նշում են, որ այդպես էլ գաղտնիք մնաց, թե ի՞նչ նկատի ուներ Սամվել Ալեքսանյանի թաղապետ եղբորորդին, երբ ասում էր. «…Մալաթիայի պուրակ-այգին զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով», քանի որ սիմպոզիում նշանակում է գիտական որևէ թեմայի նվիրված միջազգային խորհրդակցություն, գիտաժողով:
Չնայած, եթե արդար լինենք, օգտագործվում է նաև «քանդակի սիմպոզիում» եզրույթը, բայց արդյոք Արտակ Ալեքսանյանը դա՞ նկատի ուներ...բայց նույնիսկ «քանդակի սիմպոզիում»-ներով այգին զարդարել հնարավոր չէ, քանի որ արդեն բացատրեցինք, թե «սիմպոզիում»-ն ինչ է...
Տեսանյութը՝ 1in.am-ի ( դիտել 1:39-ից):