Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է շախմատիստ, սպորտի վարպետ, «Շախմատի աշխարհ» հաղորդաշարի վարող Աղասի Ինանցը:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
- Սկզբում շատ զայրացա, նույնիսկ, հիասթափվեցի, երբ մի շարք մարդիկ տարբեր բացասական որակավորում տվեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ իմ համագործակցությանը, իսկ այժմ այդ թեման ինձ պարզապես զվարճացնում է:
- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
-Ամենապատասխանատու պահերին սեփական ուժերին վստահ լինելու կարողությունը: Սա չի նշանակում ինքնավստահ լինել. կարծում եմ՝ դրանք տարբեր հասկացողություններ են:
-Սիրում ե՞ք խենթություններ:
- Չեմ կարծում՝ առանց դրա կյանքը հետաքրքիր կլինի: Իրական խենթություն պատրաստ եմ անել միայն ընտանիքիս անդամների համար և իհարկե, իմ սիրելի էակի:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
-Մեր օրերում իսկապես այդպես է, բայց ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա արժեքներ, որոնք կլինեն անգին:
- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
-Դժվար է առանձնացնել մեկ մարդու, բայց, միանշանակ, կարող եմ ասել, որ ամեն վարկյան պատրաստ եմ կյանքս տալ ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրի համար:
-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
-2012 թվականի սեպտեմբերի 9-ին` ծննդյանս օրը, Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր տղաների տարած փառահեղ հաղթանակը:
-Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
-Ինձ կյանք պարգևած ծնողներս:
-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
-Մարդ ով կկարողանար զբաղվել բարեգործությամբ:
-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
-Կարծում եմ՝ աշխատասիրություն, քանի որ նույնիսկ շատ մեծ ընդունակություններով օժտված մարդիկ չեն կարողանում հասնել հաջողությունների` աշխատասիրության բացակայության պատճառով:
-Հիշում ե՞ք Ձեր առաջին շախմատային հանդիպումը:
- Առաջին հանդիպումը եղել է շատ վաղուց` 1997 թվականին, դեռ 7 տարեկան էի: Այդ ժամանակ ընտանիքով բնակվում էինք Մոսկվայում, առաջին դասարան էի, երբ անցկացվեց շախմատի դպրոցական մրցաշար, առաջին անգամ անցկացրի պաշտոնական շախմատային պարտիան և ավարտեցի հաղթանակով:
-Շախմատում ո՞րն է Ձեր սիրելի սկզբնախաղը:
- Սիրում եմ իրադարձություններով հարուստ պայքար, այդ պատճառով դեռ փոքր տարիքից շատ եմ սիրում սիցիլիական պաշտպանությունը, որը խոստանում է ակտիվ և հագեցած պարտիա:
-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
-Մենք բոլորս հյուր ենք կյանքում, մեր ծննդյան փուչ օրից, հերթով գալիս անց ենք կենում այս հանցավոր աշխարհից:
-Ի՞նչ է Ձեզ համար փողը:
-Միջոց, որի շատ լինելու շնորհիվ հնարավոր է լուծել մի շարք հարցեր, սակայն՝ ոչ կյանքի նպատակ:
- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Կբողոքեի մարդկանց չարությամբ լցված լինելուց և կփորձեի ամեն ինչ անել նրանց լավատեսորեն տրամադրելու համար:
-Ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա Ձեր ընտրյալը:
-Նախ` նա պետք է լավ մայր լինի մեր երեխաների համար և մի փոքր բացելով փակագծերը՝ ասեմ, որ իմ «թագուհին» ունի գերմանական ծագմամբ շատ հին անուն, որը խորհրդանշում է նաև` «թանկարժեք մարգարիտ քար»:
Հեղինակ՝ Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ