«Հայաստանում հաստատված ավազակապետությունը կարծես թե հաստատուն քայլերով վեր է ածվում կղերապետության: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ կառավարության նիստում մի աբսուրդ ելույթ է ունեցել՝ հիմնավորելու համար, որ մեռելոցները Հայաստանում պետք է լինեն ոչ աշխատանքային օրեր:
Եպիսկոպոսը հիշեր է Երեւանի խանության ժամանակները, երբ պարսիկ խանը մեռելոցների համար ազատ էր թողնում հայերին: Երեւի պետք է շնորհակալություն հայտնենք, որ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը չի ասել. «Երանի այն ժամանակները»:
Եթե խանության ժամանակները պիտի հիշեր, թող հիշեր ուրեմն, թե ինչպես էր պատահել, որ այդ նույն ժամանակներում Հայ առաքելական եկեղեցին զուգահեռ մի քանի ամենայն հայոց կաթողիկոս ուներ եւ կաթողիկոսներից յուրաքանչյուրը լավ կլիենտ էր ման գալիս կաթողիկոսական հագը վաճառելու համար, հետո էլ վազում շողոքորթում պարսից շահին՝ միցակիցներին ասպարեզից հանելու համար:
Իսկ գուցե հիշենք Պապ թագավորի՞ ժամանակները, որին հայ կրոնավորները սպանել տվեցին բյուզանդացիների ձեռքով այն բանի համար, որ Պապ թագավորը հասկանում էր, որ պետության մեջ չի կարող լինել երկրորդ պետություն, ինչպիսին եկեղեցին է, որ դա անխուսափելիորեն բերելու է պետականության կործանման, ինչն էլ տեղի ունեցավ:
Իսկ ընդհանրապես կատարյալ աբսուրդն այն է, ինչ անում են կառավարությունն ու եկեղեցին՝ ձեռք-ձեռքի տված: Ինչո՞ւ պիտի գերեզմաններ գնալու օրը լինի ոչ աշխատանքային: Եթե էդպես է՝ ծոմն ու պահքն էլ պարտադիր դարձրեք ու գանահարեք կանոնները չպահողներին: Մեծ պահքի շրջանն ընդհանրապես հայտարարենք ոչ աշխատանքային ամիսուկես, փակենք կինոթատրոններն ու սրճարանները, զվարճանքի բոլոր վայրերը, որպեսզի ազգս խորհի ու խոկա պահքի ներքո, մոխիր լցնի գլխին եւ գուրձ հագնի՝ որպես աշխարհում քրիստոներությունն առաջինն ընդունած ժողովուրդ:
Իսկ եթե իսկապես քրիստոնեական արժեքներ եք սերմանում, դրա սերմանումը սկսեք եկեղեցուց: Էդ ձեր տերտերական բենթլիներն ու մեսեդեսները որքանո՞վ են կապված քրիստոնեության հետ, էդ եկեղեցիների պատերին կպցրած հայտարարությունները, թե «լեւի մոմերը», որ արտադրված չեն կաթողիկոսի արտադրամասերում, հաճելի չեն Աստծուն՝ որքանո՞վ են կապվում քրիստոնեության հետ:
Գուցե ասեիք՝ թանկարժեք մոմեր վառողների աղոթքները արտահե՞րթ են քննարկվում Գաբրիել հրեշտակապետի կողմից:
Եվ ընդհանրապես, ի՞նչ գործ ունի եկեղեցին աշխարհիկ կյանքի, աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերի հետ: Ու սա դեռ քիչ է, հիմա էլ ամբողջական դպրոցներ են հանձնում եկեղեցու տնօրինությանը: Եպիսկոպոսները, հույս ունենանք, չեն մոռացել Տեր Թոդիկի ժամանակները ու կրթության նրա ազգային մեթոդները: Թե չէ՝ մեյդան են հանել ինչ-որ սատանայական Ջանի Ռոդարի ու էլի ինչ-որ բեսերի: Խանի ժամանակներում սրա նմաններին խարույկի վրա վառում էին Գարեգին Բ ամենայ հայոց կաթողիկոսի եվրոպացի կոլեգաները: Ա՜խ, երանի այդ ժամանակները»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում