Ամիսներ առաջ Asekose.am-ը հարցազրույց էր ունեցել Լոս Անջելեսում բնակվող, Գինեսի գրքի ռեկորդակիր, համաշխարհային բազմաթիվ մրցույթների հաղթող, հայազգի դուդուկահար Արտավազդ Թադևոսյանի հետ: Այսօր արդեն Արտավազդի անունը հայտնվել է «Դյուցազնագրքում»` որպես երկլեզվականի գործիքների մեջ (դուդուկ) աշխարհի ամենաարագ կատարող: Երիտասարդ դուդուկահարը Asekose.am-ի հետ զրույցում պատմել է անակնկալի, իր զգացողությունների, Հայաստան վերադառնալու և համաշխարհային նոր ռեկորդ սահմանելու մասին:
«Asekose.am-ի հետ հարցազրույցից հետո «Դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը փոքր հաղորդագրություն էր թողել, որում նշված էր, որ ինքը հետաքրքրված է այն ստեղծագործություններով, որոնք ես նվագել եմ դուդուկի պատմության մեջ առաջին անգամ: Ես նշել էի, որ մեծ ցանկություն ունեմ լուսաբանվելու հայկական հարթակներում: Չեմ ցանկանում, որ արտահայտությունս որպես շաբլոն հնչի, բայց ուր էլ գնամ, ինձ համար Հայաստանն ուրիշ նշանակություն ունի: Մեր խաչը, հայկական երանգը սրբորեն պահելն ինձ համար շատ կարևոր է: Բարեբախտաբար, նրանց կողմից լուսաբանումը եղավ հավուր պատշաճի, հավաստագիրը դրվեց համացանցում այսօր առավոտյան: Շատ շնորհակալ եմ Վարդան Թովմասյանին»,- պատմեց Արտավազդը:
Վերջինս նշեց, որ ինքն անակնկալի է եկել` առավոտյան համացանցում տեսնելով հավաստագիրը.
«Դա ինձ համար մեծ անակնկալ էր, որովհետև դրա համար որոշակի ճանապարհ պետք է անցնել, ինչպես օրինակ` Գինեսի ռեկորդակիր դառնալու ժամանակ: Տվյալ ստեղծագործությունը կամ ստեղծագործություններն ուղարկվում են նրանց կազմակերպություն, որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի տեսնեն` տվյալ կատարումն առանձնահատուկ է, թե` ոչ: Անկեղծ ասած` ես ներքուստ գիտեի, որ Մոցարտի «Ռոնդոն», «Բոռի թռիչքը», Պագանինիի «24 կապրիսները» ստեղծագործությունները երբեք դուդուկի վրա մինչ այս չեն կատարվել, անգամ իմ ուսուցիչը` Գեորգի Մինասովը, ինձ ասում էր, որ դա ժամանակի վատնում է: Բացի դրանից, Գինեսի համաշխարհային ռեկորդների շրջանակներում ներկայացվել եմ «Երկլեզվականի գործիքների մեջ ներկայացված մի ստեղծագործության (այդ տեղծագործության անունը կհրապարակեմ մեր կոնֆերանսի ժամանակ) աշխարհի ամենաարագ կատարող» անվանակարգում (եղել է 270 արագության տակ)»:
Արտավազդը խոսոտովանեց, որ շատ դժվար ճանապարհ է անցել, սակայն չի ափսոսել դրա համար, իսկ այսօր արդեն տեսնում է իր քրտնաջան աշխատանքի արդյունքը:
«Երբ առավոտյան պատահական համացանցում տեսա հավաստագրի լուսանկարը, այդ պահին բլից կերպով աչքիս առաջ անցան այն բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եմ տարիների ընթացքում: Ես միշտ պատվով եմ հիշում իմ ուսուցչին` Գեորգի Մինասովին, ով միշտ ասում էր, որ միշտ իմ հետ կապված փորձարկումներ է անում: Բայց երբ վերցրի Պագանինիի գրած առաջին ջութակի կոնցերտը, որը տեխնիկակական առումով համարվում է ջութակի բարդագույն կոնցերտներից մեկը, եթե ոչ` ամենաբարդը, նույնիսկ նա, որ միշտ մեծ հավատ ուներ իմ հանդեպ, ասաց, որ կտրականապես դեմ է, որ հնարավոր չէ դա անել, բայց ես արեցի: Աչքիս առաջ են իմ անցկացրած անքուն գիշերները: Ուսմանս տարիներին ձմռանը գնում էի ամառանոց, մենակ փակվում այնտեղ և մինչ առավոտ պարապում էի: Ականջիս միշտ հնչում էին ուսուցչիս խոսքերը, որ ոչինչ չի ստացվի: Բայց այսօր, երբ տեսա հավաստագիրն ու վերհիշեցի անցյալս, չափսոսացի ո՛չ ժամանակս, ո՛չ ջանքերս, քանի որ քաղեցի չարչարանքներիս պտուղները: Մի ուրիշ զգացողություն է, երբ քո ժողովուրդն է քեզ քաջալերում ու գնահատում` ըստ արժանվույն: Դա անբացատրելի պատասխանատվություն է, մի նոր ավյուն` հետագա անելիքներիս համար»,- նշեց Արտավազդը:
Զրույցի վերջում երիտասարդ դուդուկահարը նշեց, որ մեծ ցակություն ունի Հայաստանում հանդես գալ համերգներով, սակայն այս պահին զբաղված է շատ կարևոր գործով:
«Ես պատրաստ եմ Հայաստանով մեկ ունենալ բարեգործական համերգ, կիսվել իմ ունեցած գիտելիքներով, ունենալ դասախոսություն` առանց ֆինանսական շահույթ հետապնդելու: Բայց այս պահին դեռ Հայաստան գալու ծրագրեր չունեմ, քանի որ փորձում եմ համաշխարհային ձևաչափի մեջ ներկայացնել այն, ինչ ես անում եմ: Մի գաղտնիք բացեմ` այս պահին պատրաստվում եմ ևս մեկ համաշխարհային ռեկորդի, որը, հավանաբար, կլինի Լոս Անջելեսում` Հարվարդ համալսարանիի պրոֆեսորի ղեկավարությամբ: Բացի դրանից, կան նոր, չնվագված ստեղծագործություններ, որոնք փոխադրել եմ դուդուկի վրա, որոնք գրված են ջութակի վրա», Asekose.am-ի հետ զրույցում նշեց մոտ 8 տարի Լոս Անջելեսում բնակվող, դուդուկահար Արտավազդ Թադևոսյանը:
Կարդացեք նաև` Նման բան դեռ ոչ ոք չի արել. ինչպես ԱՄՆ-ում բնակվող հայը դարձավ Գինեսի ռեկորդակիր և համաշխարհային մրցույթների հաղթող
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան