▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Աղաբաբյանին թալանո՞ւմ են.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունն այժմ էլ դատի է տվել «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար:

Մոտ մեկ տարի է՝ Աղաբաբյանը դատարանում վիճարկում է մարզադաշտը մոտ 60 մլն դրամով տուգանելու հարկային մարմինների որոշումը:
«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել այս տարվա հունիսի 26-ին: Հարկային մարմինը համոզված է, որ Աղաբաբյանը միտումնավոր է սնանկության տարել «Հրազդան»-ը:

«Դատարանն է սնանկ ճանաչելու որոշումը կայացրել, ոչ թե Աղաբաբյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Աղաբաբյանը՝ հավելելով, որ միտում է տեսնում հարկային մարմնի գործողություններում. «Դու ես ինձ թալանում, ե՞ս եմ թալանչին: Հայաստանում չկա առեւտրային կամ արտադրական հիմնարկ, որ տուգանված չլինի»:

Մեր հարցին, թե Գագիկ Խաչատրյանը չի՞ հավատում, որ մարզադաշտը իրոք սնանկ է, որ նորից դատի է տալիս, Աղաբաբյանն ասաց. «Իսկ Գագիկ Խաչատրյանը ո՞ւմ է հավատում որ, ինքն իրավունք էլ չունի հավատալու: Ինքը պետք ա ստուգի, ինքը էդ մարմինն ա, բայց ստուգելուց հարկավոր է խելոք ստուգել»:

Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այս տարվա հունիսի 26-ին սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին՝ մարզադաշտից պահանջելով 714 մլն 581 հազար դրամ գումար պարտքը:

Դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Սեփականատիրոջ խոսքերով՝ մարզադաշտն արժե 50 մլն դոլար:

Սնանկացած պատգամավորը պատրաստվում է նոր տարում մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել: «Կհայտարարենք, որ առողջացման ենք գնում: Առողջացման ծրագրի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը: Հնարավոր է, որ 80 տոկոսը կարողանանք վաճառել մարզադաշտի խաթեր, որ այն փրկվի»,- ասաց սեփականատերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее