«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն չորրորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:
Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի ամառային 25-րդ ճամբարի մասնակիցիները. ավելի քան 150 աշակերտ՝ հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:
Մինչև մրցույթի մեկնարկը,ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես ներկայացրել էին կոնկրետ բիզնես – առաջադրանքը. ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Վիվա» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները և ներկայացնել բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ:
Ավագ դպրոցի աշակերտները սահմանված կոնկրետ ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ներկայացներին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը։