ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց: Այս անգամ էլ «Հայասի» բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում:
Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայասի» բարեգործական հիմնադրամի: Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 մլն դրամ:
Ի՞նչն էր վեճի պատճառը: Պարզվում է՝ նախորդ տարի՝ ապրիլի 13-ին, 14-ին եւ 15-ին, «Հայասի» բարեգործական հիմնադրամի անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ են տարածվել:
«Հայասի» բարեգործական հիմնադրամն ընդունել է, որ 2013թ. ապրիլի 13-ին իր անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով մի շարք անձանց են ուղարկվել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Արդյունքում՝ «Հայասի» բարեգործական հիմնադրամից դատարանը որոշել է հօգուտ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության բռնագանձել ընդամենը 20 հազար դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Հայասի գրուպ»-ի տնօրինության հետ եւ հետաքրքրվել՝ ի վերջո ո՞վ է այդ հաղորդագրությունների հեղինակը: Սակայն անարդյունք: Ընկերության հեռախոսահամարները չեն պատասխանում: Իսկ սեփականատերը՝ ՕԵԿ նախագահի մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, խուսափեց պատասխանել՝ նշելով, թե կապ չունի «Հայասի գրուպ»-ի հետ:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում