Բոլորից տարբերվելու ու ամանորյա սեղանները նաև կոկորդիլոսի մսով զարդարելու «ինքնատիպ» առաջարկի թեման դեռ շարունակում է մնալ ամենաարդիականն ու ամենաշատ քննարկվողներից մեկը:
ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի պատասխանատուների մտքի աննախադեպ «թռիչքը» տարբեր կերպ մեկնաբանվեց: Արձագանքները բազում էին. շատերը փաստին զավեշտով վերաբերվեցին, և հատկանշական է, որ բացառապես բոլոր մեկնաբանությունները բացասական էին ու քննադատական բնույթի:
Շատերի համար անհասկանալի, անտրամաբանական ու նույնիսկ զայրացնող է երկրում առկա աղքատության ֆոնին սպառողին 380 հազար դրամ արժողությամբ կոկորդիլոս առաջարկելը, թեպետ գրեթե բոլորը հստակ պատկերացնում են դրանցից օգտվողների ցուցակը:
Իհարկե կգտնվեն նաև այնպիսիները, ում համար միգուցե տոնական օրերին հյուրերին կոկորդիլոսի միս հրամցնելը «կյանքի ու մահվան» հարց է, շքեղություն, ճոխություն, ինքնահաստատվելու ու ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու միջոց, կամ էլ չտեսության ու «գեղցիության» հերթական դրսևորում: Սակայն շատերի կարծիքով՝ կոկորդիլոսներն, այնուամենայնիվ, կմնան «անձեռնմխելի»:
Ի դեպ՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում աշխատող ASEKOSE.am-ի զրուցակիցները, ովքեր հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, նշեցին, որ ներքին խոսակցություն կա, համաձայն որի՝ կոկորդիլոսները չվաճառվելու դեպքում կուղարկվեն պաշտոնյաներին` իբրև ամանորյա նվեր:
Զարմանալի չէ. ըստ ասեկոսեների` Արտակ Սարգսյանը սիրում է պաշտոնյաների ու ԱԺ-ում իր գործընկերների սառնարանները «լցնել» «ՍԱՍ»-ի ապրանքով: