Հարգարժան պրն. Վարդան Պետրոսյան,
Խորապես ցնցված եմ Ձեզ հետ կատարված դժբախտ պատահարի տխուր առիթով և աղոթում եմ, որպեսզի երկու երիտասարդ զոհերի ծնողների վիշտը և Ձեր հոգեկան տագնապը ամոքվեն ու մխիթարվեն աստվածային ողորմությամբ։
Վստահ եմ, որ Դուք ունեք հոգևոր արիությունը՝ դիմագրավելու այս փորձությունը։ Ոչ ոքի չենք ցանկանում նման դժբախտություն։ Գիտակցում ենք, որ որևէ մեկը ապահովագրված չէ զերծ մնալու այսպիսի անցանկալի պատահարներից։
Դուք Ձեր կյանքով վաստակել եք բարձրակարգ արվեստագետի և ազնվագույն հայ մարդու՝ հանրության մեծամասնության համարումը, որը վկայվում է նաև աստվածային պարգևներով և քրիստոնեական շնորհներով։ Ուստի Դուք ավելի մեծ համբերությամբ և հզոր կամքով պիտի հաղթահարեք այս օրերի հոգեկան ծանր ապրումները և Ձեր հավատքի ուժով նաև պիտի ամոքեք Հակոբյան ընտանիքի անգին կորուստը։ Վստահ եմ՝ հետայսու ինչ պայմաններում էլ որ գտնվեք, նույն ոգով կիսվելու եք նմանատիպ ճակատագրի մատնված մարդկանց հոգիների հետ՝ պարգևելով մտքի, հոգու և խղճի անդորր, որը որպես նախախնամության տնօրինություն՝ Ձեր կյանքում պիտի հանդիսանա մի նոր սրբազան առաքելության սկիզբ՝ Ձեզ շրջապատող մարդկանց կյանքը փոխելու քրիստոնեական հոգևոր արժեքների ընկալման ճանապարհով։ Վստահ եմ, որ դժբախտ ճակատագրին զոհ գնացած մարդկանց կյանքը պիտի իմաստավորվի շատ ավելի մարդասիրական ծառայությամբ ՝ իրենց ընտանիքների, ընկերների և հասարակության մեջ։
Էջմիածնի Մայր Տաճարում աղոթում եմ, որ ոչ մի հայորդի զոհ չդառնա դժբախտ պատահարների և անարդարությունների։ Օրհնություն, հոգու խաղաղություն և բժշկություն Ձեզ և զոհված պատանիների ծնողներին։
Օրհնությամբ՝
Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան
Սուրբ Էջմիածնի միաբան
15/11/2013
Սուրբ Էջմիածին
Հ.Գ. Ցավում եմ, որ չկարողացա անմիջապես հղել օրհնության այս խոսքը՝ վատառողջությանս պատճառով։
Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի զորակցության խոսքը Վարդան Պետրոսյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet