«Հրապարակ» թերթը գրում է, որ քոչարյանական կադրերը կամաց-կամաց ներդրվում են կառավարությունում: «Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին: Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա, որի հրամանն ուշ երեկոյան հրապարակվեց: Վերջինս Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է, եւ նրա կարիերայի համար կանաչ լույս է վառել Ռ. Քոչարյանը: Դեռեւս տարիներ առաջ նա աշխատել է առողջապահության նախարարությունում՝ նախարարի խորհրդական: Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել: Դեռեւս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի: Ավելին, երբ որեւէ մեկը գժտվել է Մուրադյանի հետ, կոլեգաները կատակել են, թե հարաբերությունները մի վատացրեք ապագա նախարարի հետ: Այս նշանակումը եւ Դերենիկ Դումանյանի պաշտոնաթողությունը համակարգում բացատրում են նրանով, որ Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին: Եվ Դ. Դումանյանն ասպարեզը զիջել է որդուն: Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը, ով ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում