«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը չի տեղեկացնում, թե ով է համացանցում հայտնված սկանդալային այն տեսանյութի հեղինակը, որում ինքը նկարահանվել էր ոտիկանական մեքենայում և խոսում էր 100 հազար դոլար կաշառքի մասին: Այս մասին ինքը` Արմեն Մարտիրոսյանը, ասաց այսօրվա ասուլիսին:
«Չեմ ասի, թե ով է այդ տեսանյութի հեղինակը, բայց նա շատ նորմալ անձնավորություն է: Այդ ժամանակ ազնվորեն չգիտեի, որ նկարում են, հակառակ դեպքում` չէի հայհոյի: Բայց ես կարծում եմ` այնտեղ իմ ասածները հրապարակային ասած խոսքերիցս շատ քիչ էին տարբերվում: Միակ տարբերությունը, երևի, այդ հայհոյանքն է, որի ժամանակ տեսանյութում ձայնը կտրված է: Կարծում եմ` հասկանալի է իմ պահվածքը: Ռուսները հայհոյանքով իմաստ են արտահայտում, երևույթ են բացատրում, մոտավորապես այդ կարգի մի բան էր»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ասուլիսին նա անդրադարձավ նաև այն հարցին, որ «Ժառանգությունը» ընդդիմադիր գործընկերներին ընտրություններին համատեղ հանդես գալու առաջարկ է արել, բայց նրանք չեն համաձայնվել: «Ունեցանք այն, ինչ ունենցանք: Մենք միանշանակ Դաշնակցության և ՀԱԿ-ի շահը ներկայացնելու ենք ավագանիում, բայց մենք ցանկացած դեպքում պետք է ճիշտ հետևություններ անենք. ամբիցիաները, թողնելու ժամանակը վաղուց եկել է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ տեսանյութում Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության մեքենայից նշում է, որ իրենց առաջ հայ է կանգնած, ոչ թե` թուրք: «Սպասեք, որ հեսա մի տարի հետո... ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»,- նշել էր նա: