Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում . «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի խորհուրդ ունի: Մեծ հայրենականում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաեւ մեր հայրերի ու պապերի սխրանքով նվաճված պանծալի հաղթանակը ոչ միայն մեր երկիրը փրկեց վերահաս աղետներից, այլեւ հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկները կրկին անգամ ցուցադրեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգին ու սխրանքների գնալու հաստատակամությունը՝ յուրօրինակ ոգեշնչում դառնալով արդեն Արցախյան գոյամարտի տարիներին: Շուշիի ազատագրումից հետո մայիսի 9-ը մեզ համար ստացավ եւս մեկ նշանակություն, դարձավ հաղթանակի եւ խաղաղության նոր խորհրդանիշ: Այն մեզ համար փրկության եւ ազատության օր է, նոր հույսերի, նոր կյանքի սկիզբ, հայոց նորագույն պատմության նշանակալի հանգրվան: Այսօր հստակ է ամենակարեւորը. մենք մեր տան մեջ ապրելու համար որեւէ մեկի բարեհաճության կարիքը չունենք եւ արմատից կկտրենք որեւէ բռնություն: Մայիսի 9-ը ծանրակշիռ ապացույց է առ այն, որ, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ եւս օգտվելու ենք առանց վարանելու եւ առավելագույն կերպով: Սա է խաղաղության ներկա բանաձեւը: Սիրելի՛ հայրենակիցներ, ցավոք, խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք ամուր եւ վերելք ապրող պետություն կառուցելով: Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, մաղթում հարատեւ խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք»:
Արմատից կկտրենք որեւէ բռնություն. Սերժ Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet