«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է 32-ամյա Ալիկի, 19–ամյա Լեռնիկի եւ 35-ամյա Ղեւոնդի (անունները փոխված են) գործի դատական քննությունը։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին եւ դադարեցնելու իրենց հարաբերությունները։ Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել Է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։
Այնուհետեւ նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղեւոնդին ու Լեռնիկին (երեքն էլ առաքիչներ են)։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.-ին պատկանող «Մերսեդես» մեքենան եւ աղջկա կամքին հակառակ, նրան առեւանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երեւան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին։
Ալիկին մեղադրանք է առաջադրվել աղջկան առեւանգելու եւ բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հոդվածի 1 –ին մասով։ Լեռնիկին եւ Ղեւոնդին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առեւանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում