Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար Բրայան Ռորաֆը, Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:
ՀՀ առաջին նախագահի` գործող նախագահ Ս. Սարգսյանի սեպտեմբերերեքյան որոշման մեկնաբանության ֆոնին, մեկնաբանություն, որ աչքի ընկավ ընդգծված բացասականությամբ, ներկայիս հանդիպումն ըստ էության ցույց է տալիս ԱՄՆ իշխանությունների անհանգստությունը ՀՀ ներկայիս քաղաքական կացության և հնարավոր արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Բացի այս, Վիքիլիքսյան նոր «բացահայտումները», որոնք այս անգամ չեն շրջանցել նաև Եկեղեցուն գալիս են ասելու, որ Արևմուտքը ի դեմս ԱՄՆ-ի պատրաստվում է տարածաշրջանում հակահարձակման անցնելու և այդ համատեքստում ընտրել է իր համար փորձված գործելաոճ` փորձել հեղինակազրկել ու վարկաբեկել այն բոլոր անձանց ու կառույցները, որոնք դույզն ինչ չափով ներկա պահին սատար են պետությանը, և որպես իրեն քաղաքական հենարան և հեղինակություն երկրի ներսում տեսնում է առաջին նախագահին: Զարմանալի է, որ այս իմաստով խաղից դուրս է մնում Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ էության Արևմուտքը քաղաքական կապիտալ ունեցող իրեն հավատարիմ ու հուսալի գործիչ այս պահին դիտարկում է առաջին նախագահին, ով ի զորու է ընդդիմանալ գործող իշխանություններին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագային արդեն ակնհայտ ցուցիչ է, որ վերջինս դիտվում է որպես քաղաքականապես սնանկ գործիչ, ով արդեն հայտնի իրադարձություններից ու անադեկվատ կեցվածքից հետո կորցրեց իր քաղաքական կապիտալն ու այս պահին ի զորու չէ դիմակայելու կամ էլ այլևս հուսալի ու հավատարիմ չի նկատվում, արևմտյան արժեքների կրող լինելով հանդերձ: Ամեն դեպքում այս ամենը կհանգեցնի ամենայն հավանականությամբ ավելի «աղմկահարույց բացահայտումների», որը և կազդարարի Արևմուտքի` «տարածաշրջանայնի խաչակրաց արշավանքն ընդդեմ Հյուսիսային արջի»:
Արսեն Լևոնյան