Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Սոցիական աջակցության տարածքային գործակալությունում կառավարության առաջարկած նոր հաշվարկման մեխանիզմը մի տեսակ սխալ է հասկացվել:
Սևան քաղաքի Խաչերի 15 -ում գրանցված Համեստ Հախումյանի մասին դեռևս մի քանի տարի առաջ մամուլն անդրադարձել էր , որպես ծայրահեղ անապահով ընտանիքի:
Շինությունը,որի վրա գրանցված է Համեստն իր երեխաների հետ հիշեցնում է աղետի գոտի: տանիք չկա, չկան ապրելու տարրական պայմաններ:
Համեստ Հախումյանը երեխաների հետ արդեն 7 ամիս բնակվում է Սևան քաղաքի հանրակացարաններից մեկում, ստացվող նպաստի միջոցով վճարում տան վարձն ու նվազագույն պայմաններ ապահովելով ապրում:
Բայց ահա Սոցիական աջակցության Սևանի տարածքային գործակալությունում որոշել են,որ Համեստը լավ ապահով է ,ու կտրել են նպաստը:
Իհարկե հեշտ է խեղճ մարդու մոտ նաև համոզիչ արդարացում ապահովել, նշել են, որ բնակության վայրիդ փոփոխման համար ենք կտրել, գրանցում չունես:
Փորձեցինք ծանոթանալ օրենքին, պարզվում է,որ օրենք կա,բայց դե ինչպես բոլոր ոլորտներում այնպես էլ այստեղ մատների արանքով են նայում երևույթին. ինչ փույթ թե մի ամբողջ ընտանիք,որի ավագ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում,իսկ փոքրերն էլ դպրոց ու մանկապարտեզ չեն գնում ,քանզի հագուստի ու սովի հաղթահարման խնդիր ունեն, մնալու են սոված:
Ծառայությանը կից գործում է «Աջակցության խորհուրդ», որտեղ Սոցիական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Արտակ Վարդանյանը պետք է իրեն նեղություն տար ու ներկայացներ Համեստ Հախումյանի ընտանիքի վիճակը, որ այն բնակարանը որտեղ գրանցված է Համեստ Հախումյանը չի համապատասխանում նվազագույն պայմաններին, որ բնակարանի փոփոխությամբ անգամ Համեստ Հախումյանի վիճակը չի բարելավվել, որ բնակության փոփոխությամբ մարդը միայն վարձով տանիք է ապահովել և տան տիրոջ համաձայնությունը չկա, փաստացի գրանցում ապահովելու համար, խորհուրդն էլ, որը ի դեպ ղեկավարում է Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հայրը` Խաժակ Մուրադյանը, քաջ գիտակցելով տվյալ անձի ապրելու պայմանները պետք է ուղղակի հաստատեր:
Բայց.... Իրավիճակին ոչ այնքան ծանոթ Սոցիական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Արտակ Վարդանյանը հարցը վստահում է տեսուչներին (վերջիններիս «բարի համբավի» մասին անդրադարձել են բազմաթիվ լրատվականներ) հարցին ընթացք չեն տալիս ու սեպտեմբեր ամիսը,որը ընտանիքի համար դժվար ամիսներից մեկն է, ընտանիքը զրկվում է նպաստից:
Տան վարձը չվճարելու համար Համեստ Հախումյանը երեխաների հետ հայտնվել է փողոցում, այժմ ժամանակավոր բնակվում է ընկերուհու տանը, հույս ունենալով ,որ նպաստը կվերականգնվի ու նորից բնակարան կվարձի:
Ո՞ւմ վրա է ծանրանալու այս ընտանիքի նպաստից զրկելու բեռը...
Արդյո՞ք հանգիստ գլուխը բարձին կդնեն նրանք,ովքեր կարող էին ու չօգնեցին այս ընտանիքին....
Արմինե Մելքոնյան