Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը որևէ մեկին իրավունք չի տալիս ռասիստական և վիրավորական արտահայտություններ անել սահմանից այն կողմ գտնվող մարդկանց հասցեին: Նույնիսկ պատերազմական պայմաններում գոյություն ունեն վարքագծի քաղաքակիրթ նորմեր:
Քանի որ այս երկու հարևան երկրները գտնվում են բարդ բանակցությունների մեջ՝ իրենց դժվարին հակամարտությունը լուծելու համար, անպատասխանատվություն է կրակի վրա յուղ լցնել` հրահրելով ազգամիջյան և միջկրոնական ատելություն և բորբոքելով կուտակված զգացմունքները: Մինչ որոշ հայեր կարող են ներգրավվել պարբերական զգացմունքային պոռթկումներում, Ադրբեջանի ղեկավարները ռասիստական հայտարարություններն ու հակահայկական սպառնալիքները դարձրել են պետական քաղաքականություն:
Նման ամոթալի վարքագիծը պատճառ դարձավ, որ Արցախյան հակամարտությունը տարածվի Հունգարիայում (օգտագործելով կացինը), Մեխիկոյում (հինգ միլիոն դոլար արժողությամբ շռայլ նվեր խոստանալով պուրակում Ալիևի արձանի տեղադրման համար` հակահայկական հուշատախտակով) և այլ երկրներում, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում հակամարտության իսկական թատերաբեմից:
Այժմ ադրբեջանցիները որոշել են Արցախյան պատերազմը փոխադրել Հոլիվուդ, այն բանից հետո, երբ Հայաստանը «Օսկարի» համար պաշտոնապես ներկայացրեց «Եթե բոլորը…» խորագիրը կրող մի անմեղ ֆիլմ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացավ անցյալ շաբաթ Հոլիվուդում, «Արփա» միջազգային կինոփառատոնում:
Հայկական ֆիլմում ներկայացված է երիտասարդ ռուս աղջկա պատմությունը, որի հայրը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Քսան տարի անց, նա գալիս է Հայաստան՝ հուսալով հոր զորամասի հրամանատարի օգնությամբ գտնել իր հոր անանուն գերեզմանը: Երկար փնտրելուց հետո, երիտասարդ աղջիկը բացահայտում է, որ հոր գերեզմանը գտնվում է սահմանի մյուս կողմում՝ Ադրբեջանի տարածքում: Նա և հայ հրամանատարը գիշերվա քողի տակ գաղտնի անցնում են շփման գիծը և մինչ կեչու ծառ էին տնկում աղջկա հոր գերեզմանին, բախվում են զինված ադրբեջանցի հովվին, որն սպառնում է կրակել նրանց վրա: Հետո իմանալով, որ աղջկա հայրը թաղված է այնտեղ, ադրբեջանցին թույլ է տալիս նրանց անվնաս հեռանալ՝ ցավը սրտում նրանց պատմելով, որ իր 10-ամյա որդին ևս զոհվել է պատերազմի ժամանակ՝ կանգնելով ականի վրա: Ադրբեջանցի հովիվը պատմում է, որ նա չի կարող այցելել իր որդու գերեզմանին, քանի որ այն գտնվում է Արցախում: Ֆիլմն ավարտվում է բարձր նոտայի վրա՝ հրաշալի ժեստով, երբ ռուս աղջիկը և նրա հայ ուղեկիցը մեկ այլ ծառ են տնկում՝ այս անգամ արդեն ադրբեջանցի տղայի գերեզմանին:
Թեև ֆիլմը չի պարունակում հակաադրբեջանական հռետորություն և չի ցուցադրում որևէ տեսարան Ղարաբաղի պատերազմից, այնուամենայնիվ ադրբեջանցի լրագրողները խստորեն քննադատել են ֆիլմը՝ առանց մի կադր իսկ դիտելու: Ակնհայտ է, որ հայկական ֆիլմ լինելու հանգամանքն արդեն բավարար պատճառ է նրանց համար՝ փորձելու խոչընդոտել ֆիլմի ներկայացմանը Ակադեմիայի մրցանակաբաշխությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները ֆիլմը կեղծորեն որակել են որպես «քարոզչական ֆիլմ» և «Ադրբեջանի դեմ Հայաստանի սանձազերծած տեղեկատվական պատերազմի» օրինակ:
Հարցերն էլ ավելի վատացնելով, ադրբեջանցի լրագրող Ալի Հաջիզադեն հարձակվեց Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ակադեմիայի խոսնակ Թենի Մելիտոնյանի վրա, միայն այն բանի համար, որ նա ծագումով հայ է: Որպես իր պաշտոնական պարտականության մաս, նա մամլո հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով բոլոր այն 71 արտասահմանյան երկրների անունները, որոնք ֆիլմեր էին ներկայացրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, ներառյալ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:
Ադրբեջանցիների համար կարևոր է հասկանալ, որ նման ռասիստական ելույթները տեղ չունեն քաղաքակիրթ հասարակությունում: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով և ոչ թե այլատյացության վիրավորանքներ շպրտելով: Մի օր, երբ խաղաղությունը վերահաստատվի տարածաշրջանում, հայերն ու ադրբեջանցիները պետք է կողք կողքի ապրեն ոչ թե որպես թշնամիներ, այլ որպես հարևաններ և ընկերներ: Ատելություն և ռասիզմ սերմանող ադրբեջանցիները ոչ միայն ցեխ են շպրտում իրենց սեփական հեղինակության վրա, այլև անտեղի խորացնում և երկարաձգում են երկու ժողովուրդների միջև առկա հակամարտությունը:
Բարեբախտաբար, հայերը զերծ մնացին «Օսկարի» համար Ադրբեջանի ներկայացրած ֆիլմի դեմ պատասխան քայլերից: Քաղաքական պայքարը չպետք է փոխակերպվի մշակութային պատերազմի կամ անձնական վրեժխնդրության: Թող հաղթի լավագույն ֆիլմը, անկախ նրանից` այն արտադրվել է հայի, ադրբեջանցու կամ թուրքի կողմից: Ս.թ. դեկտեմբերի 20-ին Ակադեմիան կհայտարարի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի ինը ֆիլմերի, 2013 թվականի հունվարի 10-ին՝ հինգ ֆինալիստների կարճ ցանկը, իսկ 2013 թվականի փետրվարի 24-ին՝ «Օսկարի» հաղթողին:
«Եթե բոլորը…» ֆիլմը համատեղ նկարահանել են Թերեզա Վարժապետյանը և մրցանակակիր դերասան ու ռեժիսոր Միքայել Պողոսյանը, որը ֆիլմում խաղում է հայ հրամանատարի դերը: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, իսկ երիտասարդ ռուս աղջկա դերակատարը՝ Եկատերինա Շիտովան: Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Մոսկվայում, Փարիզում, Բուխարեստում, Հոլիվուդում և արժանացել մի շարք մրցանակների միջազգային կինոփառատոններում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան