Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված «պատերազմի» շրջանակներում երեկ հրավիրված ԱԱԽ նիստում Սերժ Սարգսյանն ասել է. «Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու եւ դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները եւ դրանց հետ առնչվող երեւույթները քննարկել նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից»:
Ուշագրավ է, որ իբրեւ ԲՀԿ-ի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու հիմնական պատճառբանություն ՀՀԿ-ականները մատնանշում են երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ԲՀԿ առաջնորդի գործողությունները` այդպես էլ, սակայն, չմատնանշելով դրանցից որեւէ մեկը: Առավելագույնը, որ նշվում է, այն է, թե ԲՀԿ-ն սպառնացել է իշխանափոխություն իրականացնել, կամ էլ իր հայտարարություններում իշխանության հասցեին օգտագործել է «թուլամորթ» որակումը: Սա, ինչ խոսք, անհեթեթ պատճառաբանություն է, քանի որ նախ՝ ԲՀԿ-ն նախկինում էլ է խոսել անհրաժեշտ պահին համազգային կոնսոլիդացման եւ իշխանափոխություն իրականացնելու պատրաստակամության մասին, եւ բացի այդ` ՀՀ քաղաքական պատմության ընթացքում, այդ թվում եւ վերջին տարիներին, քիչ չեն եղել ուժեր, որոնք հանդես են եկել անհամեմատ կոշտ սպառնալիքներով: Ուստի, եթե ՀՀԿ-ն այդքան «ծանր է տանում» Գագիկ Ծառուկյանի` իշխանափոխության սպառնալիքը, նշանակում է` պարզապես վախեցած է ԲՀԿ-ի հզորությունից:
Ինչ վերաբերում է «թուլամորթ» արտահայտությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք դիտարկելուն, ապա այս դեպքում եւս ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին հնչել են այնքան շատ ու բազմաբնույթ գնահատականներ, ընդհուպ՝ մինչեւ հայհոյանքներ, որ դրանց համեմատ ԲՀԿ-ի տված «թուլամորթ» որակումը գրեթե կոմպլիմենտ է: Էլ չասած, որ հենց նույն՝ Գագիկ Ծառուկյանը, օրինակ, նախկինում հանդես է եկել ՀՀ իշխանությունների հասցեին շատ ավելի վիրավորական եւ վտանգավոր հայտարարություններով, եւ որ ամենակարեւորն է` արտաքին ամբիոններից: Մասնավորապես 2012թ. նախագահ առաջադրվելու նպատակով իր հայտնի եվրոպական այցի ընթացքում նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե. «ՀՀ իշխանությունները թաթախված են կոռուպցիայի մեջ»: Սակայն, չգիտես ինչու, ՀՀԿ-ականները դա չդիտարկեցին որպես երկրի ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր եւ ոչ էլ առանձնապես վիրավորվեցին:
Ինչեւէ, երեկվա ԱԱԽ նիստում, որն ի դեպ, ընթացել է առանց միակ ոչ իշխանական անդամի` Արթուր Բաղդասարյանի, Ս. Սարգսյանը խիստ հանձնարարականներ է տվել «երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթները գնահատելու եւ դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ»: Թե ինչպիսիք կլինեն դրանք, ըստ ամենայնի, տեսանելի կդառնա արդեն կարճ առաջիկայում:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում