«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս հետ է վերցնելու ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումը: Վերջինս թեեւ նշեց, որ որոշել էր չխոսել, այնուամենայնիվ պատասխանեց, որ չի պատրաստվում հետ վերցնել իր դիմումը:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասել էր. «Կարծում եմ, որ Արագած Ախոյան կգտնվի այնքան պարկեշտ, որ դուրս կգա նաեւ խմբակցությունից եւ վայր կդնի պատգամավորական իր մանդատը»:
Արագած Ախոյանն արձագանքեց. «Նաիրա Զոհրաբյանի կարծիքը թող մնա իրեն, ես շատ հարգում եմ նրան, բայց եկեք օրենքի սահմաններում շարժվենք: Ես շարժվելու եմ իմ իրավունքներով»:
Հարցին, թե վերջինս ի վերջո դուրս է գալիս նաեւ խմբակցությունից, թե ոչ, Ախոյանն ասաց. «Ես կուսակցությունից եմ դուրս գալիս, մնում եմ անկախ պատգամավոր Ազգային ժողովում»:
Կրկին հարցրեցինք՝ դուրս է գալու արդյոք խմբակցությունից, որին Ախոյանը պատասխանեց. «Տեսնենք, եթե օրենքը թույլ է տալիս դուրս գալ եւ մնալ անկախ պատգամավոր, ապա դուրս կգամ»:
Արձագանքելով մեր պնդմանը, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե դուրս է գալիս խմբակցությունից, պետք է վայր դննի մանդատը, քանի որ չի գտնվում ընտրացուցակի առաջին 3 տեղերում, Ախոյանը վստահ ասաց, որ եթե այդպես է, ուրեմն կմնա խմբակցության մեջ»:
Ուշագրավ այլ նյութեր`«Չորրորդ իշխանություն» թերթում