▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան օրերին դիզվառելիքի որակի խնդիր չի եղել. Սեյրան Օհանյանը հակադարձում է վարչապետին

Ազգային ժողովում չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հայտարարությունը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել և քննարկման առարկա դարձել: Հիշեցնենք, որ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ն շուրջ մեկ ամիս է, չի կարողանում Հայաստանի մաքսային գոտուց հանել, մաքսազերծել 460 տոննա կերոսինը, Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ներկրվողը վառարանային վառելիք է, որը հաճախ խառնում են նավթամթերքի հետ: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանում էլ նկատում են, որ այն վաճառվող դիզվառելիքի հետ խառնելու մտադրություն կա:

«Դա կերոսին չէ, այլ վառարանային վառելիք է, և կասկածում ենք, որ Հայաստանում այս պահին այսպիսի սպառում ունենք: Եվ կասկածում ենք, որ վառարանային վառելիքը հետո գնում, խառնվում է կերոսինին, և մենք շուկայում ունենք անորակ նավթամթերք: Մենք հիմա հետազոտություններ ենք անում, որ շուկա չմտնի այնպիսի մի ապրանք, որը հետո կհայտնվի մեկ այլ տեղ: Ինչ վերաբերում է այս ապրանքատեսակին, ապա դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում դրա պատճառով»,- հայտարարել էր վարչապետը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է վարչապետի հայտարարությանը.

Սեյրան Օհանյան- Եթե կան խախտումներ, ես շահագրգիռ կողմերից մեկն եմ, որ բացահայտվի:

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը պարզաբանում է վարչապետի հայտարարությունը:
«Ազատություն»- Ինչպես կգնահատեիք վարչապաետի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով ռազմական տեխնիկան չի աշխատել:

Սեյրան Օհանյան- Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն դրվածքին, որ կա մեր հանրապետությունում: Եվ ընթացքում խոսք եղավ, որ այդ պատճառով եղել են նաև դեպքեր ապրիլայն պատերազմի ժամանակ, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե էդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն:

Ես ինքս էլ կողմնակից եմ և պնդում եմ, որ դա իրականացվի և իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Բայց, իմ իմացությամբ, խոսքը վերաբերում էր ներկայիս ներկրումներին: Տարբեր մեկնաբանություններ կան, հիմա տարբեր մարդիկ ասում են՝ տանկերում բենզին չի եղել, չհասկանալով, որ տանկերը լիցքավորում են միայն դիզելային վառելիքով: Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարության կողմից այդպիսի տեղեկություններ չեն եղել, դրանք պարզապես ասեկոսեների կամ տարբեր մեկնաբանությունների արդյունք են:

«Ազատություն»- Այսինքն, դուք հերքու՞մ եք պնդումնեը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նման խնդիրներ եղել են, երբ տանկերն այս կամ այն պատճառով չեն կարողացել տեղից շարժվել:

Սեյրան Օհանյան- Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի պակասության պատճառով պայմանավորված որևէ խնդիր չի եղել: Եթե իրենք ունեն էդպիսի տեղեկություններ, ես պնդում եմ՝ թող համապատասխան քննություն իրականացնեն: Ընդ որում՝ հանրությանն իրազեկելով:

«Ազատություն»- Վարչապետն, ամեն դեպքում, խոսում էր ապրիլյան պատերազմի շրջանի մասին, նշելով, որ կերոսինի անորակ լինելու պատճառով տանկերը չեն կարողացել աշխատել: Նա շեշտեց՝ այդ օրերին:

Սեյրան Օհանյան- Վարչապետի շեշտադրումը այսօրվա ներկրումների որակին և օրենքին համապատասխանեցնելուն էր վերաբերում:

«Ազատություն»- Այսինքն՝ դուք պնդում եմ, որ եթե կա խնդիր, ապա պետք է հարուցվի քրեական գործ, և դուք այդ հարցում շահագրգիռ կողմերից մեկն եք:

Սեյրան Օհանյան- Եթե կան խախտումներ, ես շահագրգիռ կողմերից մեկն եմ, որ բացահայտվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее