▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ բան փոխելու հնարավարություն չունի». քաղաքագետ

 Վերջին շրջանում քաղաքական ամենաքննարկվող թեմաներն են ՀՀ նախագահի` ապրիլի 9-ին  կայանալիք  երդմնակալության արարողությունը , նույն օրը նշանակված հանրահավաքը, որը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ է, ինչպես նաև`  Երևանի ավագանու ընտրությունները: Հենց սրանց մասին է ASEKOSE.am-ի զրույցը քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

-    Պրն Մելիք-Շահնազարյան, չնայած, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակության մեջ նոր սպասումներ է առաջացրել, այնուամենայնիվ, որոշ բաներ, կարծես թե, կիսատ են: Ըստ Ձեզ ի՞նչն է պակասում և ի՞նչն է անորոշ այս ամենում:  

 -  Հասարակությունը Րաֆֆի Հովհաննիսյանից այլևս մեծ սպասումներ չունի:  Եթե նման սպասումներ կային նախընտրական շրջանում` քարոզարշավի վերջում և անմիջապես հետընտրական փուլում, ապա դրանք այսօր չկան:  Ինչ-որ բան պակասում է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր գործունեությունը դուրս բերեց քաղաքական շրջանակներից:  Այն պահից սկսած, երբ նա հացադուլ հայտարարեց և կատեգորիկ հայտարարություններով հանդես եկավ, գործընթացները, որպես այդպիսին, դադարեցին քաղաքական լինել: Եվ առաջացավ պահանջատիրություն: Իսկ  իշխանությունները, բնականաբար,  թույլ չէին տա, որ ինչ-որ մեկը փորձի իրենց հետ նման մեթոդներով հարաբերություններ կազմել: Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարները անիրատեսական էին հասարակության համար. բոլորն հասկանում էին, որ պահանջների հիմքում ընկած է միայն անձնական ամբիցիաները և ուրիշ ոչինչ:

 Երկրորդ հանգամանքը Երևանի ավագանու ընտրություններն  են: Ակնհայտ է, որ այսուհետ բոլոր քաղաքական գործընթացները կենտրոնացած են այդ հարցի շուրջ: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ հաշվի առնել այդ կապը,  նա լքեց Ազատության հրապարակը` իր քաղաքական պայքարի թատերական հրապարակը: Հասարակությունը հասկացավ, որ այս ընտրություններին «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ դեր չեն ներկայացնում ու  գնաց այնտեղ, որտեղ կարող է իրական պայքար ծավալվել:

 - Ըստ Ձեզ, այնուամենայնիվ,  Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի  9-ին կարո՞ղ է ինչ-որ բան փոխել:

- Նա ոչինչ փոխելու հնարավորություն չունի: Նրա ամենամեծ ձեռքբերումը ապրիլի 9-ի հանրահավաքին կարող է լինել այն, որ դրան ներկա լինի 3-5 հազար հոգի մարդ: Բայց  ես ավելի քան վստահ եմ, որ այդ թիվը նա չի կարողանալու հավաքել, և ապրիլի 9-ը, իմ կարծիքով, կազդարարի նրա գործունեության,  հետընտրական պայքարի վերջը:

 -   Իսկ հնարավո՞ր է, որ ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը երկխոսեն:

 -   Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը նաև այդ հնարավորությունն է բաց թողել: Համենայն դեպս, եթե մեկ ամիս առաջ նա  ուներ գոնե  սոցիալական աջակցություն, որի հետ իշխանությունները չէին կարող հաշվի չնստել, ապա այսօր նա կորցրել է  նաև այդ գործոնը և հետևաբար, թե ինչ սպասելիքներով է իշխանությունը նրա հետ երկխոսելու, ինձ համար անհասկանալի է:

 -  Իսկ ի՞նչ կարող էր տալ երկխոսությունը:

 -  Այն  կարող էր իշխանության մեջ երկու բևեռ ձևավորել: Իհարկե, մեկը մյուսի նկատմամբ վերահսկողություն չէր ունենա: Այնուամենայնիվ, ընդդիմությունը կարող էր իշխանության մեջ հզոր բևեռ ստեղծել և ինչ-որ չափող ներազդել քաղաքական զարգացումների վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը այդ հնարավորությունը բաց թողեց և իմ կարծիքով` հիմա ինչ-որ սպասելիքներ ունենալն անիմաստ է:

 -  Ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակել է որպես «նոր Հայաստանի սկիզբ»: Ըստ Ձեզ,  ի՞նչ նկատի ունի նա` ասելով  նոր Հայաստան:

  -   Դա դժվար է հասականալ և պատկերացնել, հատկապես իր արած  նախորդ հայտարարությունների և քայլերի կոնտեքստում: Մենք տեսնում ենք, որ  նմանատիպ հայտարարությունները անիրական են և անգամ` պոպուլիզմի նմանվող:

 -  Եթե «նոր Հայաստանի սկիզբը» չդրվի, ձեր կանխատեսմամբ, հասարակությունը ի՞նչ արձագանք կտա դրան:

 -   Նրանից այս պահին սպասելիքները մեծ չեն, դժգոհության ալիքն  արդեն կա, դա արտահայտվում է Ազատության հրապարակի տրամադրությամբ  այն հարցով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված է եղել լքել հրապարակը  և ինչ-որ ձևով նոր թափ հաղորդել շարժմանը:  Հասարակության գլխավոր սպասելիքն այս պահին քաղաքական զարգացումների կայունացումն է, բնականոն հունի մեջ ընկնելը և սոցիալական իրավիճակի բարելավումը:

 Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее