ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր՝ Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին։ Այս կապակցությամբ երեկ «Ազատության» լրագրողը Նալբանդյանից փորձել է ճշտել՝ արդյո՞ք այս մտահոգությունը նրա կողմից բարձրացվել է նաեւ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներում, եւ արդյո՞ք արձագանք եղել է, ինչին ի պատասխանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Անիմաստ հարցեր եք դուք տալիս»։
Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Նալբանդյանը` լրագրողի հարցն անիմաստ որակելով. արդյոք Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու փաստը Նալբանդյանի համար այնքան անկարեւոր է, որ դրա շուրջ ռուսներին ահազանգելը նա անիմաստ է համարում: Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր ինքը մի քանի օր առաջ այդ կապակցությամբ մտահոգություն հայտնում սլովենական պարբերականի հետ զրույցում:
Թե Նալբանդյանը նման ոչ դիվանագիտական արձագանքով նկատի ուներ, որ անիմաստ է մտածել, թե ինքը` ՀՀ արտգործնախարարը, կարող է այնքան համարձակություն ունենալ, որ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի առաջ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ առաջադրի: Այս դեպքում, իհարկե, Նալբանդյանը միանգամայն իրավացի է, եւ նման բան պատկերացնելն անգամ անիմաստ է, պարզ չէ միայն, թե ինչու է Նալբանդյանն ավելորդ անգամ ուշադրություն հրավիրում դրա վրա:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում