Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է դերասանուհի Անի Պետրոսյանը:
- Մանկությունից ուղեկցող հուշը, որ մինչև հիմա ժպիտ է առաջացնում:
- Մեր հին սեփական տան նոր տարվա տոնածառի վրայի կարմիր խաղալիքը, որ մինչև հիմա ինձ հետ է:
- Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, և որը` զվարճացրել:
- Ասեկոսեներից առհասարակ չեմ զայրանում, իսկ զվարճանալու առիթ բոլորովին վերջերս եղավ: «Ամենից ամենա» հաղորդաշարի հյուրն էի, ինձ ասացին, որ իբր ես սերիալներում այլևս չեմ նկարահանվում, քանի որ ընկերս, ում հետ պատրաստվում եմ ամուսնանալ, թույլ չի տալիս: Դա իրականության հետ ընդհանրապես որևէ կապ չունի:
- Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը:
- Ամենակարևրը Վահե Շահվերդյանի հետ հանդիպումն էր: ՄԻնչ այդ նրան դեմքով չէի ճանաչում, բոլորովին ուրիշ մարդու էի բարևում, մտածում էի` Վահե Շահվերդյանն է:
-Դեպք, որ կցանկանայիք ջնջել Ձեր հիշողությունից:
- Երկրաշարժի մասին հիշողությունները:
- Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:
- Աստված:
- Ի՞նչը կարող է Ձեզ ոգևորել, ինչը` հուսահատեցնել:
-Ինձ հուսահատեցնում են անորոշությունն ու անխղճությունը, մարդկային դաժանությունը, իսկ ոգևորել կարող է յուրաքանչյուր բարի արարք, թեկուզ ամենափոքրը: Եվ նշանակություն չունի, ես եմ այդ արարքի հեղինակը, թե դիմացինս:
- Ձեր կյանքում հրաշքներ եղե՞լ են: Հավատու՞մ եք հրաշքներին:
- Այո: Հրաշքներ եղել են, բայց պատմել չեմ կարող:
- Մարդկային ո՞ր որակն եք առաջնային համարում և գնահատում:
-Ազնվությունը:
- Կարո՞ղ եք հիշել փոքրիկ Անիի ամենամեծ «սխրանքը»:
- Մանկապարտեզում ես ու եղբայրս առանձին խմբերում էինք: Նրանք բակում էին, պատուհանից նկատեցի, որ եղբայրս չկա: Եվ որոշեցի փախչել մանկապարտեզից` նրան փնտրելու: Բավական երկար ճանապարհ կտրելով` հասել եմ տուն և տնեցիներին հայտնել, որ եղբայրս կորել է: Բոլորն սկսել են խելագարի նման փնտրել նրան, հետո պարզվել է` երեխան պարզապես զուգարան էր գնացել:
- Ի՞նչ կխնդրեիք Ձմեռ պապիկից:
- Ամենաշատը կխնդրեի, որ մարդկանց հոգիները խաղաղվեն: Ինձ թվում է` այսքան որ խոսում ենք աշխարհի վերջի մասին դա մեր բացասական էներգիայից է: Մարդ պիտի մի փոքր հետ նայի և ինքն իրեն մոտենա ոչ թե հեռանա իրենից: Եթե այդպես լինի, բոլորս երջանիկ կլինենք:
Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի