«Ժողովորդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքում բնակվող Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ խուզարկություններ են կատարել Անիի բնակարանում, որը նոր հանգամանքներ է ի հայտ բերել: Եվ, ահա, սպանությունից մեկուկես ամիս անց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ քննիչները սպանված Անի Մաջնունյանի տանը օրեր առաջ հերթական անգամ խուզարկություն են կատարել, ինչի արդյունքում հայտնաբերել են մոտ 2000 ԱՄՆ դոլար, 1 միլիոն 400 հազար դրամ եւ բազում եվրոներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով միակ վկան` Աննա Միսակյանը, իրավապահներին ցույց է տվել այն վայրը, որտեղ սպանությունից հետո վառել են արյունոտված հագուստը, ոչնչացրել հեռախոսները եւ թե որտեղից են գնել բենզինը: Փորձաքննությունները ապացուցել են Աննայի մատնանշած փաստերի իսկությունը: Եւ մինչ իրավապահներն իրենց գործն են անում, այս օրերին «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը գրեթե բոլոր լրատվամիջոցների միջոցով հայտարարում է, որ ինքը մարդասպան չէ եւ չի սպանել Անի Մաջնունյանին: Երեկ վերջինս զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ մեր միջոցով մեկ հարց է ցանկանում ուղղել գործով միակ վկա Աննա Սիսակյանին. «Աննան այնպես է ներկայանում, որ ինքը անմեղ է, բայց ես անձամբ հարց ունեմ Աննային, եթե ինքը տեսել է՝ ես եմ սպանել, ու շատ վախեցած էր, ապա ինչպես եղավ, որ շատ վախեցած լինելով՝ նա այդ օրը գիշերը եկավ ինձ հետ եւ գիշերեց, կցանկանամ ինքը պարզաբանի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: