Թուրքաբնակ երգչուհի Սիբիլն ու Անդրեն Թուրքիայում հանդես կգան համերգային ծրագրով: Համերգը տեղի է ունենալու հունվարի 21-ին՝ Ստամբուլի «Tim Show Center» համերգասրահում: Անդրե և Սիբիլ զույգը հանդես է եկել միասին նաև «Հանրային» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մենք ու մենք» ծրագրի շրջանակներում: 168.am-ն է համերգի կապակցությամբ զրուցել Անդրեի հետ:
«Մեր Հայ Առաքելական եկեղեցու 130-ամյակն է, և նրանք նախընտրել են, որպեսզի մենք Ստամբուլում հանդես գանք համերգային ծրագրով: Նշեմ, որ Սիբիլը երգում է Վարդանանց հոգևոր երգչախմբում, և նրա հետ միասին երգելու եմ ես, և նաև շատ հայտնի ու նշանավոր հայ արտիստներ՝ տարբեր երկրներից:Ես չեմ երգելու թուրքերի համար, ես երգելու եմ հայերի համար: Նրանց համար, ովքեր ժամանակին «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ ինձ և մնացյալ հայ մասնակիցներին իրենց 12 միավորն են տվել: Մեր հայերն են մեզ քվեարկել: Ես վախենալու որևէ բան չունեմ, որովհետև երգը քաղաքականություն չէ»,- ասել է Անդրեն:
Հարցին, թե չի՞ վախենում արդյոք հնարավոր քննադատություններից, ինչպես Նունե Եսայանի՝ Թուրքիայում կայացած համերգի դեպքում եղավ, Անդրեն պատասխանել է, որ, եթե քննարկում են՝ թող քննարկեն: «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես վախենայի քննարկումներից: Ողջ կյանքում ինձ քննարկել են, քննարկում են ու կքննարկեն: Ես դրանից միայն ուրախ եմ: Եթե քննարկում են, ուրեմն մարդն այնքան կա՝ սանրվածքը, երգը՝ վատ կամ լավ, որ քննարկումների առիթ է դարձել: Իսկ սա լինելու է շատ գեղեցիկ համերգ: Ես երգելու եմ նաև դասական ոճով: Համերգը շատ պատասխանատու է: Ես շատ եմ հուզվում, չափից շատ: Կան երգեր, որոնց սովոր չեմ, նոր երգեր են՝ մեզ համար գրված»,- ասել է Անդրեն:
Երգիչն ամանորյա տոներից հետո կմիանա Թուրքիայում աշխատող իր ընկերներին, և միասին կսկսեն պատրաստվել համերգին: Ծրագիրը բավական խիտ է և արդեն հստակ է: «Յուրաքանչյուրս երգելու ենք 7-8 երգ, ապա զուգերգեր: Շատ մեծ դահլիճ է: Սիբիլի հետ իմ վերջին զրույցի ընթացքում տեղեկացա, որ ամեն բան շատ լավ է ընթանում: Մեր աշխատանքը լուսաբանում են տեղի հայկական երկու թերթեր: Այն, ինչ այնտեղ կատարվում է, արվում է բացառապես առանց գովազդի: Ակնկալիքները մեծ են, վստահ եմ, որ սպասումներս կարդարանան»,- նշել է Անդրեն: