Երեկվանից մեծամասամբ համացանցային տիրույթում ընթանում է ԲՀԿ-ՀՀԿ «լեզվակռիվը», որը գնալով ավելի ու ավելի է դուրս գալիս քաղաքական կոռեկտության սահմաններից և տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ: Այսպես` ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանին առաջարկում է «դաստիարակությունից չխոսել», Երևանի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը Վահան Բաբայանին անվանում է «Наташа», որին հաջորդում է Վահան Բաբայանի օգնական Հայկ Փանոսյանի պատասխանը` հրապարակված «1լուր.am»-ում`« ՀՀԿ-ական ավագանու ԱՆԴԱՄ Արմեն Գևորգյանին» վերնագրով: ԱԺ պատգամավորի օգնականի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Անձնական վիրավորանքների լեզվով արտահայտվողները ԱԺ պատգամավորի հասցեին ոչ միայն հարգանքի արժանի չեն, այլև խայտառակում են իրենց կուսակցությունը, մանավանդ Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Եթե նման մարդիկ մտադրություն ունեն կրկին ընտրվելու առաջիկա ընտրություններում, ապա մայիսի 5-ին ժողովուրդն ինքն իր վճիռը կկայացնի, իսկ այն պիտակները, որից այսօր խուսափում եք, կդառնան Ձեր ճակատի անջնջելի խարանը»:
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից մեկնաբանություն ստանալ ծավալվող այս «լեզվակռվի» վերաբերյալ: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով` ԲՀԿ-ականանները «որևէ կերպ չեն պատրաստվում իջնել անձնական վիրավորանքների և պարզաբանումների մակարադակին», քանի որ թվերի և իրավաբանական ձևակերպումների լեզվով հնչեցված հարցերին իրենք նույնատիպ պատասխան են ակնկալում, իսկ այն, որ ՀՀԿ «մանր ու միջին» ներկայացուցիչների անունից վիրավորանքներ ու պատասխաններ են հնչեցվում, ըստ Ուրիխանյանի, դրանք ընդամենը փորձ են ժողովրդի ուշադրությունը շեղելու բուն հարցից: Չնայած դրան` մարդիկ ամեն ինչ տեսնում ու հասկանում են: Տիգրան Ուրիխանյանի խոսքով` իրենք հնչեցված իրական հարցերին իրական պատասխաններ են ակնկալում Կառավարությունից և վարչապետ Տիգրան Սարգսյանից: «Իսկ ինչ վերաբերում է անձնական վիրավորանքներին, թող որևէ մեկը չկասկածի մեր թասիբին ու հնարավորություններին, որ մենք էլ կարող ենք համարժեք պատասխանել»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:
Ի դեպ, ASEKOSE.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի ավագանու անդամ Արմեն Գևորգյանից. մեր հարցադրումները վերջինս դեռևս անպատասխան է թողել: