168.am-ը գրում է. Մարդ, ով երբեք չի վախեցել արտահայտելու իր քաղաքական տեսակետները՝ հստակ պահպանելով խոսքի ազատության և պարզապես անտաշ հայհոյանքի սահմանը: Եթե այսօր շատերն անհայտ անուններից ինչ-ինչ գրառումներ են թողնում համացանցում և մեկ-երկու «կծու» մեկնաբանությունից հետո «տղամարդավարի» անհետանում, ապա դերասան և հաղորդավար Հովհաննես Ազոյանը երբեք չի խուսափել լինել մաքսիմալ անկեղծ՝ իր մտքերի արտահայտման հարցում:
Այն դիտարկմանը, թե արդյո՞ք համացանցում տեղադրված գրառումն ինչ-որ մի բան ի վիճակի է փոխել՝ Հովհաննեսը պատասխանեց.
«Եթե գոնե մեկ-երկուսի մոտ իմ արտահայտած մտքերը խորհելու, մտածելու տեղիք տան, ուրեմն իզուր չեն իմ գրառումները»:
- Ե՞րբ են Ձեզ վերջին անգամ դիմել՝ Հովհաննես:
– Ինձ հաճախ են դիմում՝ Հովհաննես:
- Երբ կինն ամբողջությամբ է ամուսնու անունը տալիս, դրա մեջ մի տեսակ ակնարկ կա, որ ինչ-որ մի բան այն չէ:
– Համաձայն եմ, որ նման դեպքերում դա ինչ-որ երանգ իրապես ունի: Վտանգավոր է, նշանակում է, որ կարմիր լույսը վառվում է, եթե կինդ նշում է անունդ ամբողջությամբ:
- Հաճա՞խ եք «կարմիր լույսի» առիթներ ստեղծում:
– Հա, իհա՛րկե: Պատճառները կարող են բազմապիսի լինել. ի վերջո, բոլորս մարդ ենք:
- Զգացե՞լ եք, որ Ձեր բնավորության գծերի մեջ կան այնպիսիք, որոնք անտանելի են, և նույնիսկ զարմացել եք, թե ինչպե՞ս է դեռևս Մերին Ձեզ հանդուրժում:
– Իհարկե, կան նման գծեր:
- Իսկ ավելի ստո՞ւյգ:
– Իմ տղամարդ տեսակը: Ավելի հստակ չեմ ասի, այդքանը բավարար է:
- Ձեր կերպարը միանգամից դրական էմոցիաներ, տրամադրություն և ժպիտ է առաջացնում: Դա Ձեզ դեռևս չի՞ նյարդայնացնում:
– Ինչո՞ւ պետք է նյարդայնացնի: Պոզիտիվ լինելը հարստություն է, որը, ցավոք սրտի, ամեն մարդ չի հասկանում:
- Ովքե՞ր են Ձեր ծնողները:
– Հայրս ֆիզիկոս է, զբաղվում է գիտական աշխատանքով: Երբեմն ինձ զարմացնում է նման մարդու տեսակը, ով կարող է տարիներով իրեն նվիրել միայն մի աշխատանքի: Դա իրենն է: Մայրս ինժեներ է և իմ աշխարհն է:
-Ո՞վ է Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանը, Ձեզ համար, բացի խաղընկեր լինելուց: Ինչպե՞ս եք վերաբերվում Մկոյի անվան շուրջ «սոցցանցաբնակների» բարձրացրած աղմուկին:
– Մկոյի պես խաղընկեր երբեք չեմ ունենա: Դերասանի համար պարզապես երազանք է ունենալ նման խաղընկեր: Մկոյի տաղանդի մասին խոսելը նույնիսկ շաբլոն է: Իսկ նրա մարդ տեսակը՝ գիտական վերլուծության ենթակա: Մկոն մեծ արժեք է հայ արվեստում: Ու ամո՛թ նրանց, ովքեր երբևէ վատ են արտահայտվել Մկոյի հասցեին: Շա՛տ ամոթ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում