«168 ժամ» թերթը գրում է. «Թվում էր, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեն «անցավ-գնաց», հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքները, ինչպես նախկին, այս անգամ եւս «մարսվեցին»: Այդպես էր թվում, քանի որ հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքում արձանագրված ընտրակեղծիքներից, չունեցավ ներքաղաքական հետեւանքներ, ինչպես սովորաբար լինում է համապետական ընտրություններին հաջորդող առնվազն մի քանի ամիսների, երբեմն՝ նույնիսկ տարիների ընթացքում: Սակայն այս անգամ ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեն՝ չունենալով ներքաղաքական հետեւանքներ, կարծես թե խոստանում է ունենալ արտաքին քաղաքական լուրջ ազդեցություն:
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեին վերաբերող թվով երրորդ հայտարարությունը, որում հերթական անգամ շեշտելով, որ իրենք մտահոգված են հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին արժանահավատ հաղորդումներով՝ նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:
Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը այսպիսով ակնարկում է, որ ընտրակեղծարարության գործընթացում ներգրավվածները կարող են հայտնվել, այսպես կոչված, «Սեւ ցուցակներում», որոնք կիրառվում են պատժամիջոցների ենթարկվող երկրների նկատմամբ:
Ընտրակեղծիքներն իրականացվել են ուսուցիչների, դպրոցների տնօրենների, պետական կառավարման համակարգի աշխատողների ու, ամենակարեւորը՝ կիսաքրեական հեղինակությունների, տարբեր հաշվարկներով՝ մեկ-երկու տասնյակ քաղաքացիների կողմից: Հասկանալի է, ԱՄՆ-ի նախազգուշացումը չի վերաբերելու այս խավերի ներկայացուցիչներին, որոնց մեծամասնությունը, ի դեպ, ՀՀԿ անդամներ են: Այդ նախազգուշացումն ուղղված է Հայաստանի իշխանությանը, որը՝ չունենալով ներքին լեգիտիմություն, մշտապես ապավինել է արտաքին քաղաքական կենտրոնների լեգիտիմությանը:
Ընդ որում, նախկինում արեւմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, անգամ 2008 թվականի մարտի 1-ից հետո հայաստանյան ընտրությունների հետ կապված նման կոշտ գնահատական չեն հնչեցրել: Հասկանալի է՝ այդ գնահատականը պայմանավորված չէ միայն հանրաքվեի ընթացքով եւ, ըստ ամենայնի, կապված է արտաքին քաղաքական որեւէ գլոբալ խնդրի հետ, որին Հայաստանն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կարող է առնչություն ունենալ:
Տարածաշրջանում ծավալվում են դրամատիկ իրադարձություններ, օր օրի փոխվում է համաշխարհային եւ տարածաշրջանային իրադրությունը, որում Հայաստանը կարող է ունենալ ինչպես՝ վճռորոշ, այնպես էլ՝ Ռուսաստանի շահերից ածանցվող դիրքորոշում: ԱՄՆ-ի այս ակնարկը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանություններին արտաքին քաղաքական հարցերում ինքնուրույնություն դրսեւորելու «կոչ» է պարունակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում