▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամերիկյան սկզբունքներ»՝ Մեթյու Բրայզայից՝ Ջեյմս Վորլիք...

Արցախի հարցի «կարգաւորման» գծով ԵԱՀԿ-ի Մինսկի ԱՄՆ տխրահռչակ նախկին համանախագահ Մաթիւ Բրայզան իր «առաքելութեան» տարիներին անթաքոյց ադրբեջանամէտութիւնն «արդարացնում» էր... լեզւական սայթաքումներով կամ էլ՝ իր ելոյթների թերի ու սխալ թարգմանութիւններով:

ԱՄՆ-ի գործող համանախագահ Վորլիքը, սակայն, կարծես թէ իր նախորդի «մարտավարութիւնը» գործարկելուց զերծ է կացուցում ինքն իրեն, հաշւի առնելով օրերս «Քարնեգի» հիմնադրամի ամբիոնից իր մեղմ ասած՝ հաշւենկատ եւ ընդգծւած ադրբեջանամէտ ելոյթը...:

Ինչպէս միշտ եւ օրինաչափօրէն քաղաքական յայտարարութիւնների եւ տւեալ դէպքում Վորլիքի ելոյթի պահը յուշում է, որպէսզի զգօն ու սթափ դատողութիւնը ուղեկցւի հայկական թէ՛ դիւանագիտական, եւ թէ՛ քաղաքական-տեղեկատւական ոլորտներում:

Եւ ինչքան էլ որ ԱՄՆ պետքարտուղարութեան խօսնակ Փսակին փորձի պահ-ի հանգամանքը շրջանցելով՝ Վորլիքի ադրբեջանամէտ յայտարարութիւնները արդարացնել՝ «հիմնական սկզբունքների մասին խօսքեր՝ ուղղւած հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը» ընդհանուր բնութագիրով, հարցը մնում է հարց, որ նոյն սկզբունքները ինչ եղանակներով ու կարեւորը՝ աշխարհաքաղաքական իրավիճակի որ պահին են բարձրաձայնւում:

Այլապէս՝ պարզից էլ պարզ է ու բազմիցս ապացուցւած, թէ ԱՄՆ-ն Արցախեան հարցի սկզբնական օրերից (հիմա էլ Փսակիի շեշտադրմամբ) հաւատարիմ է մնում սեփական սկզբունքներին (ընդգծենք այն հանգամանքը, որ Վորլիքը Քարնեգիում շեշտադրեց, որ իր ելոյթը չի արտացոլում միւս՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների մօտեցումներն ու դիրքորոշումը եւ որ դրանք «կազմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ ԱՄՆ քաղաքականութեան հիմքը...»), իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ աւելի քան 20-ամեայ վաղեմութիւն ունեցող ու երիցս տխրահռչակ «Գոբլի պլանը» (Ադրբեջան-Թուրքիա ցամաքային ուղիղ կապ՝ Իրանի հիւսիսային սահմանի երկայնքով, որով հայկական Սիւնիքը Ադրբեջանին է նւիրաբերւում...):

Ահաւասիկ, պահ(եր)-ը.

ա- Ուկրայնական-Ղրիմեան ճգնաժամ եւ Արեւմուտք-Ռուսաստան դիւանագիտա-քաղաքական դիմակայութեան արդիւնքում՝ «Ղրիմի դիմաց՝ Արցախ» սակարկութիւններ, որպէս ճնշամիջոց՝ Ռուսաստանի դէմ, Անդրկովկասում զիջումների գնալու համար...:

բ- Ընդհանուր սոյն համատեքստում թուրք-ադրբեջանական ինչպէս միշտ համատեղ ագրեսիւութիւն (ռազմափորձեր, շանտաժի մարտավարութիւն, ընդհուպ մինչեւ Քեսաբի հայաթափման խնդրով քարոզչական հնարքների կիրառում, Էրդողան-Դաւութօղլու ապրիլեան «ցաւակցութիւններ» եւ...), որոնք էլ հիմք են տւել Վորլիքներին յիշելու եւ բարձրաձայնելու սեփական «սկզբունքայնութեան» մասին...:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее