Երեկ ՀՀԿ-ն գործադիրի և խորհրդի նիստ էր հրավիրել, որը տևեց մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ-ականները ակտիվ «երթով» շտապում էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Նիստին մասնակցում էր անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որին «ուղեկցում» էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, քանի որ Նաղդալյանը ոտքի վնասվածք ուներ և չէր կարողանում քայլել: Նիստի ավարտից հետո գրեթե բոլոր ՀՀԿ-ականները չծլկեցին, ինչպես անում են հիմնականում: Նրանք ակնհայտ բարձր տրամադրությամբ գլխավոր մուտքից դուրս էին եկել ու չէին շտապում հեռանալ:
Ամենաբարձր տրամադրությամբ աչքի ընկավ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հավանաբար իր կողմից չսիրված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը շատ էր ոգևորել Նեմեց Ռուբոյին: Հիշեցնենք, որ նույն Գ. Ծառուկյանի մասին անպատշաճ խոսքերի համար Ռ. Հայրապետյանն անգամ հրապարակավ ներողություն խնդրեց Ծառուկյանից: Ու թեև իրեն ներողություն պարտադրել էին նույն ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները, այնուամենայնիվ Նեմեցը երեկ կարծես մոռացել էր այդ մասին: Մոտենում էր բակում կանգնած բոլոր ՀՀԿ-ականներին, ձեռքով բարևում, ողջագուրվում, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հպարտորեն պատմում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ու հաջողությունների մասին: Անգամ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մոտեցավ Հայրապետյանին, խոսեց նրա հետ, ինչ-որ բան պայմանավորվեց ու հեռացավ:
Նկատենք, որ նույնիսկ լրագրողների հետ էր փորձում շփվել, բայց, ինչպես միշտ, չստացվեց: Էլի իր «լեզվի վրա» չկարողացավ և որպեսզի իրավիճակը չսրվեր, նստեց մեքենան ու «փախավ»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ համագումարում կներկայացվի 2013թ. նախագահական ընտրությունների ծրագրի նախագիծը և կարգախոսը: Սահակյանը նշեց, թե ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում հաստատվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարի օրակարգը: Ապա հավելեց, ոի ՀՀԿ գործադիր մարմինը և խորհուրդը միաձայն ընդունել են սկզբնական և տարածքային կազմակերպությունների որոշումը, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվի Սերժ Սարգսյանը:
«Վաղը կլինի Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, համագումարի պատվիրակներին կտրամադրեն ծրագրի նախագիծը»,- մանրամասնեց Էդ. Շարմազանովը և ավելացրեց, որ օրենքով սահմանված կարգով մեկ ամիս հետո կուսակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա նախընտրական ծրագիրն ամբողջական և վերջնական տեսք կունենա: Մի խոսքով ՀՀԿ-ն խրախճանքի մեջ է. քաղաքական դաշտն անապատ է, իսկ միակ «բարդին» իրենք են:
Հ Գ-. Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստից հետո դուրս եկավ իր աներձագի՝ «նորընտիր» պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ և թույչ չտվեց, որ նա շփվի լրագրողների հետ՝ ասելով. «Արի՛, արի՛, մենք շտապում ենք»: Եվ այդպես էլ Ռ. Սարգսյանը կրկին չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում է:
Ամենաբարձր տրամադրությամբ աչքի էր ընկնում Ռուբեն Հայրապետյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet