«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհի ոչ մի երկրում թանգարան չեն փակում։ Շուրջ 16 տարի առաջ հիմնադրված հայ նոր ճարտարապետության հիմնադիր, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն առաջիկայում ծրագրվում է փակվել։ Այս մտահոգությամբ բաց նամակ վերջերս հրապարակվեց «Գոլոս Արմենիի» թերթում։
Բաց նամակի Հեղինակը Գագիկ Թամանյանն է՝ Ալեքսանդր Թամանյանի նյույորքաբնակ թոռներից մեկը։ Թանգարան-ինստիտուտի տնօրեն կրտսեր Ալեքսանդր Թամանյանը իր հորեղբոր հեղինակած բաց նամակի մասին տեղեկացել է լուրերից։
Այդ նամակի հեղինակը համոզված է եւ համարում է, որ այն, ինչ պատրաստվում է, կդառնա թանգարանի վերացում։ Ես չէի կամենա դա մեկնաբանել։
ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով Ալեքսանդր Թամանյանի թանգարան ինստիտուտը նախատեսում են միավորել Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի հետ։ Բաց նամակն այս առիթով է հրապարակվել։ Թանգարանի տնօրենը նամակի որոշ կետերի հետ համաձայն չէ, բայց Ճարտարապետության թանգարան ինստիտուտի հետ Թամանյանի թանգարան-ինստիտուտը միավորելու գաղափարն իրեն էլ դուր չի եկել։
Ես չէի ցանկանա, որ այդ միավորումը տեղի ունենար, մի շարք պատճառներով։ Եթե հիմա մենք ունենք մի հաստատություն, որի միակ առարկան Թամանյանն է, իր ստեղծագործությունները, ապա ճարտարապետության թանգարանի հետ միավորվելու դեպքում այդ առարկան կլինի մի քիչ ավելի ճնշված։ Ստեղծվելիք հաստատության լուսաբանման, հետազոտման առարկան շատ ավելի ընդարձակ է լինելու։ Ստացվում է այնպես, որ նրա թանգարանը ստեղծվել է վերջիններից մեկը ու հիմա միավորվում է, ես չէի ուզենա ասել, որ այն դադարեցնում է իր գործունեությունը, բայց դա այդպես է դառնում։ Դրանից ենթագիտակցաբար բխում է, որ Թամանյանը պակաս կարեւոր էր, քան Իսահակյանը, Չարենցը եւ մյուսները։
Թանգարանի տնօրենը դժվարացավ այս պահին ասել, թե ինքը կպայքարի՞, որպեսզի Երեւանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի անունը կրող թանգարան-ինստիտուտը պահպանվի որպես առանձին հաստատություն։ Նրա խոսքով՝ 3-4 ամիս հետո միայն պարզ է դառնալու Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի ճակատագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում