Հանրային հեռուստառադիոխորհրդի արդեն նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը, ում լիազորություններն այս պաշտոնում դադարել են սույն թվականի փետրվարի 1-ին և ով ժամանակավոր բացակայում էր հանրապետությունից և մեր տեղեկություններով գտնվում էր Ֆրանսիայում, օրերս վերադարձել է Հայաստան:
Ըստ ասեկոսեների, Հ1-ում Ալեքսան Հարությունյանի հրաժարականից հետո իսկական քաոսային իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ մինչև հիմա անորոշ է, թե ի վերջո ով է ստանձնելու Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ պաշտոնի համար ամենահավանական թեկնածուները` ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը և «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հրաժարվել են ղեկավարել և Հանրային հեռուստառադիոխորհուրդը և Հ1-ը:
Asekose.am-ի ունեցած տեղեկություններով, չի բացառվում այն վարկածը, որ Հանրային հեռուստառադիոխորհրդն առհասարակ կլուծարվի, իսկ Ալեքսան Հարությունյանն էլ կնշանակվի Հանրային հեռուստաընկերության տնօրեն: