«Ժողովուրդ» թերթը գրում է. 2016 թվականի հունվարի 21-ին տեղեկություններ էին տարածվել, որ Երեւանի կենտրոնում ժամը 14.00-ի սահմաններում 760 ՏԼ 01 պետհամարանիշի «Ինկասացիա»-ի դեղնավուն մեքենայով միջին տարիքի մի կին են առեւանգել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ականատեսը պատմեց դեպքի մանրամասները:
Նշենք, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի բաժնի պետ Գարեգին Միքայելյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ մեքենան «Հայինկասացիա» ընկերությանը չի պատկանել, այդ համարանիշով մեքենաները «Հայէկոնոբանկ»-ի ինկասացիոն կազմակերպությանն են: Սակայն «Հայէկոնոբանկ»-ից էլ լրատվամիջոցներին հայտնել էին, որ բանկի ինկասացիոն ծառայությունը որեւէ առնչություն չունի կնոջ առեւանգման հետ: Այսպիսով, ընկերություններն ամեն ինչ արեցին՝ կատարվածից «չոր դուրս գալու» համար: ՀՀ ոստիկանությունն էլ իր հերթին «փրկեց» իրավիճակը՝ հայտարարելով, թե ինկասացիայի մեքենայով կին առեւանգելու մասին ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
Արդյո՞ք ոստիկանությունը չկարողացավ, թե՞ չցանկացավ կատարված միջադեպին ընթացք տալ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նշված օրը թիվ 39 երթուղայինում գտնվող քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպես է մի երիտասարդ կին օգնություն խնդրում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ականատես Տաթեւիկ Նալբանդյանը պատմեց դեպքի մանրամասները. «Մենք երթուղայինի մեջ էինք, լսեցինք ուժեղ դմդմփոց: Մեզ թվաց, որ երթուղայինին ինչ-որ մեկը հարվածում է: Կողքիս կինը հարցրեց, թե ո՞վ է մեքենային այդպես հարվածում: Ես նայեցի մեքենայի կողքը եւ տեսա, որ ինկասացիայի մեքենան կանգնած է մեր երթուղայինին հավասար: Այդ մեքենան մի փոքրիկ ապակի ուներ եւ մի կին ապակու մեջից նայում էր ու ակնհայտ ցույց տալիս իր դեմքը՝ օգնություն խնդրելով: Հետո տեսանք մի տղայի դեմք: Մենք տեսնում ու լսում էինք դմդմփոցի ձայները»:
Ըստ մեր զրուցակցի` երթուղայինում գտնվող քաղաքացիները շփոթվել եւ ահազանգել են ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն. «Անմիջապես դեպքի վայրից մենք ահազանգել ենք, որ օգնեն: Ողջ երթուղայինը նայում ու տեսնում էր այդ տեսարանը: Ինկասացիայի մեքենան ուղեւորվեց Պռոշյան փողոցի ուղղությամբ: Գիտեք՝ ամենազարմանալին այն է, որ մենք այդքան արագ արձագանքեցինք եւ անգամ ուղղությունը ասեցինք, որ մեքենան Պռոշյան փողոցով է գնում, եւ այնտեղ կայանված ոստիկանությունը կարող էր կանխել կատարվածը: Ի՞նչ պետք է մենք անեինք, ի՞նչ կարող էինք, արեցինք»:
Նկատենք, որ մինչ երթուղայինում գտնվող քաղաքացիները փորձել են օգնել տիկնոջը, ոստիկանությունում, ըստ երեւույթին, այնքան էլ լուրջ չեն վերաբերել քաղաքացիների ահազանգին: Թե ինչու, դժվար է ասել:
Հեղինակ՝
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ուշագրավ այլ նյութեր՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում