«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Այս օրերին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովն է մեկնել Վրաստան: Դուք այդ հանձնաժողովի անդամ եք, ինչո՞ւ Դուք էլ չեք մեկնել:
Պատվիրակության հետ չեմ գնացել, որովհետեւ տեղեկացված չեմ եղել, որ նման այց կա եւ նման հանդիպում ունենք:
Այսինքն` պատվիրակությունը գնացել է առանց բոլոր անդամներին տեղյակ պահելո՞ւ կամ հրավիրելո՞ւ:
Այո՛, պատվիրակությունը գնացել է առանց անդամներին տեղյակ պահելու: Գոնե ինձ տեղյակ չի պահել, ես նկարներով եմ տեսել, որ պատվիրակության անդամներն այնտեղ են եւ մամուլից տեղեկացա, որ այսօր Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ է գումարում մեր այնտեղի գործընկերների հետ:
Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրել:
Ես որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչու ինձ չեն հրավիրել, ես պատրաստվում եմ դա ճշտել: Բայց գիտեք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պատգամավորների միջեւ կա խտրական վերաբերմունք, որը դրվում է ԱԺ ղեկավարության կողմից: Այսինքն` տարբեր այցերի ժամանակ հնարավորինս ներգրավվում են այնպիսի մարդիկ, ովքեր խմբակցություններ են ներկայացնում: Ես՝ որպես խմբակցություններում չընդգրկված պատգամավոր, առանց այդ էլ ներգրավված չեմ խորհրդարանական պատվիրակություններում, հանձնաժողովներում, խմբերում: Ես ընդգրկված եմ Հայաստան-Վրաստան հանձնաժողովում, բայց հանձնաժողովը մեկնում է Վրաստան հանդիպումների, ու հանձնաժողովի անդամը չի տեղեկացվում ու չի մասնակցում դրան: Այս խնդիրը ավելի շատ սրվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո, որովհետեւ այն ժամանակ նման խնդիր չի եղել: Ավելին ասեմ` խորհրդարանական դիվանագիտության հետ կապված ինձ մոտ շատ լուրջ հիասթափություն կա: Այս 2,5 տարվա աշխատանքից հետո տպավորություն ունեմ, որ երիտասարդ, լեզուներ իմացող սերնդի պոտենցիալը, որ հնարավոր է խորհրդարանում օգտագործել, չի օգտագործվում: Նշանակություն չունի, թե այդ մարդիկ որ խմբակցությունից են»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում