Ազգային ժողովի արտահերթ նիստում «դարակազմիկ» իրադարձություն տեղի ունեցավ: Հանրապետական խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել Կառավարության ներկայացրած երկու նախագծերը: Այս ամենն այնքան անսպասելի էր, որ դահլիճում ընդդիմադիրների կողմից նույնիսկ ծափեր հնչեցին:
Խորհրդարանն առաջինը քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե օրենքը բավական կարեւոր է ու խնդրահարույց, եւ 20 րոպե ընդմիջում խնդրեց` խմբակցություններում հարցը քննարկելու համար:
Արդեն ընդմիջումից հետո վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ նշեց. «Հաշվի առնելով, որ պետությունում տեղեկատվական եւ իրավական անվտանգության խնդիրների ապահովության կարողությունը ցածր մակարդակի վրա է, եւ հնարավոր է` ստեղծվի բացարձակ անպաշտպան միջավայր, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը»: Քվեարկությանը չմասնակցեցին նաեւ մյուս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, եւ օրինագիծը չընդունվեց` 61 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այնուհետեւ քվեարկության դրվեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս անգամ էլ, մինչ քվեարկությունը, վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե այս օրենքը թալանում է մարդկանց, եւ կոչ արեց առհասարակ չմասնակցել քվեարկությանը:
Արդյունքում` քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն, իսկ օրինագիծն էլ մերժվեց 57 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հետաքրքիրն այն է, որ դեմ քվեարկած միակ պատգամավորը ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանն էր: Փաստորեն նա դեմ դուրս եկավ իր հարազատ խմբակցության դիրքորոշմանը: Մեր այն հարցին, թե ինչու Դուք դեմ քվեարկեցիք, Նուշիկյանը պատասխանեց. «Տենց ուզեցի, տենց քվեարկեցի: Մենք կուսակցության ներսում որեւէ պայմանավորվածություն չունեինք, թե ինչպես պետք է քվեարկենք, հետո էլ դեմ էի»: Պատգամավորն ընդգծեց, թե անհանգստություն չունի, որ ՀՀԿ վերնախավն իրեն կարող է նկատողություն անել: «Հո մանկապարտեզում չե՞նք: Ինչո՞ւ պետք է նախատեն: Մենակ ես չեմ, որ դեմ կամ կողմ է քվեարկել: Եզակի երեւույթ չէ: Հոգով էնքան բանի ենք դեմ»,-հայտարարեց Գարեգին Նուշիկյանը: Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Գարեգին Նուշիկյանն իր քվեարկությամբ առանձնանում է մյուս ՀՀԿ-ականներից: Նման դեպք էր տեղի ունեցել նաեւ տարեսկզբին: Փետրվարին խորհրդարանը քվեարկության էր դրել ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացրած գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը: Այդ ժամանակ էլ Նուշիկյանը ձեռնպահ էր քվեարկել:
Ինչպես երեւում է, ՀՀԿ-ական պատգամավորն առանձնապես մտահոգված չէ, որ իր քայլը կարող է հանրապետական վերնախավի մոտ դժգոհություն առաջացնել:
Երեկվա քվեարկությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս օրենքի հետ կապված քաղաքական որոշում չի եղել: Կարող եք նայել` քաղաքական որոշումներից հետո դեմ քվեարկողներ եղել են, թե ոչ: Բայց կան օրենքներ, որոնց հետ կապված քաղաքական որոշում չենք կայացնում եւ քննարկման փուլ ենք ծավալում», - նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում