Նախագահ Ալիեվի նորագույն հայտարարությունը առաջին հայացքից քաղաքական անհեթեթության հերթական նմուշ կարող է համարվել: Պետք է փորձել սակայն հայտարարության շարժառիթը տեսնել` հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի ժամանակի ներկա տարածքում եւ այնտեղ կատարված վերջին զարգացումների լույսի ներքո։
Նախ ամփոփենք հայտարարության բովանդակության հիմնական կետերը:
Նախագահ Ալիեվի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Հայաստանի Հանրապեությունը, ըստ ադրբեջանցի ղեկավարի արհեստական մի պետություն է` հիմնված հնադարյան ադրբեջանական տարածքների վրա:
Ալիեվ շարունակում է քաղաքական «գյուտարարությունը» եւ այս անգամ հայկական լոբբիի կողմից դիտելով հարցը` հայտարարել է, որ Ադրբեջանի համար հայկական լոբբին թիվ մեկ թշնամին է, բացատրելու համար թե ինչու՞ Բաքուն թշնամի է նկատում հայկական լոբբին: Թշնամանքը թշնամանքի արդյունք է «խաղաղասեր» Բաքվի համար:
Ապա, Ալիեվը անցել է դասակարգելու համար իր երկրի թիվ երկու թշնամին, որ իսլամաֆոբիան է, որին կլանված են տարբեր պետություններ: Այստեղ իսլամաֆոբիայի զարգացման ալիեւյան բացատրությունը այնքան էական չէ, որքան երեւույթի նշումը իբրեւ երկրորդ թշնամի: Բայց այդ մասին քիչ հետո:
Շատ արագ, ալիեվյան այս հայտարարությունը հուշում է համահնչեղություն Անկարայի տարբեր վարիչների կողմից կրկնվող հանկերգին` Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերություններ մշակելու, սակայն Սփյուռքն է (իմա՛ հայկական լոբբին) խանգարողը. կամ` ծայրահեղական Սփյուռքի եւ չափավորական Հայաստանի անտեղի բնութագրումներն ու որակավորումները` ներհայկական ճեղքեր առաջացնելու անարդյունք քաղաքականության կիրարկման փորձերով:
Այս դեպքում սակայն աշխատում է մի այլ տրամաբանություն: Չմոռանանք, որ քաղաքական ի՛նչ տեսակի կարեւորություն ներկայանցող երեւույթի եւ ժամանակի հանգամանքները ստիպել են Ալիեվին կատարելու նման հայտարարություն:
Խնդիրը շատ բնական կարգով կապվում է պաշտոնական Մոնտեվիդեոյի առած քայլերին: Բաքվի ղեկավարն ու իր խորհրդականները շատ լավ գիտեն, որ Ուրուգվայը զուտ հայտարարողական հարթությունից դուրս է եկել եւ իրոք, քայլ առ քայլ պատրաստվում է Արցախի իրավական ճանաչման առնչությամբ պաշտոնական դիրք ճշտելու: Բաքվի բողոքագրերը եւս որեւէ ազդեցություն չեն գործել Մոնտեվիդեոյի վրա, որ միեւնույն հետեւողականությունն ու հայտարարված հանձնառությունը ցույց է տալիս Արցախի թղթածրարի նկատմամբ: Թեկուզ նվազ ազդեցիկությամբ, այսուհանդերձ տագնապի մատնող քայլ էր նաեւ Ավստրալիայի մեծագույն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, որից շփոթահար վիճակում հայտնվեց Ալիեվի վարչակարգը:
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի այցելությունը Ստեփանակերտ ինքնին Բաքվին անճարակության մատնող քայլ է: Ճիշտ է, որ երկար ճանապարհ է ենթադրում տակավին, այսուհանդերձ առաջին քայլը առնված է եւ դեպի իրավական ճանաչումը քայլ առ քայլ կտրելիք ուղի է:
Հիմա, պետք է զորաշարժի ենթարկել ադրբեջանական դիվանագիտությունը, թիրախ ընտրելով հայկական լոբբին: Ալիեվի վարչախումբը նկատել է, որ ինչպես Ավստրալիայի եւ ամերիկյան որոշ նահանգների, այնպես էլ Ուրուգվայի դեպքում տեղի շարժիչ գործոնները՝ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը հիմնական դերակատարությունն են ունեցել։ Ուրեմն պետք է թիվ մեկ թշնամի նախ հայտարարել ու ճանաչել հայկական լոբբին, մշուշապատել թշնամանքի բուն պատճառը` հայտարարելով, որ իրենց թշնամանքը հայկական լոբբիի կողմից դավանած թշնամանքի արդյունք է պարզապես եւ ապա հայտարարված թիվ մեկ թշնամու դեմ հավաքագրել եւ զորաշարժի ենթարկել նրանց ովքեր իսլամաֆոբիայի զոհ են: Կրոնական հանգամանքի այս իբրեւ թե հեզասահ անցումը կատարելով Ալիեվը խաղում է հայկական լոբբիի դեմ իսլամական աշխարհը զինվորագրելու նպատակով հին մարտավարությամբ նոր խաղը:
Ուրուգվայի առած քայլերը հունից հանել են նախագահ Ալիեվին: Այս նշանակում է որ դիվանագիտական պատերազմ հայտարարող Ալիեվի համար հետզհետե, քայլ առ քայլ տեսանելի դառնալու ընթացքում է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Իսկ այս մեկը փաստում է արդեն Բաքվի վրա հայկական լոբբիի արձանագրած առաջխաղացումը կամ` Ադրբեջանիի թիվ մեկ թշնամու:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր