Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Երեկ էլ՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Մովսես գյուղում դիպուկահարի արձակած կրակոցի հետեւանքով վիրավորվել է գյուղի բնակիչ 85-ամյա Լեւոն Հովակիմի Անդրեասյանը: Վերջինս ծնկի հատվածում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ:
Ինչպես Armlur.am-ին հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը հայտնեց՝ Լեւոն Անդրեասյանին տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Կենտրոնական զինհոսպիտալից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիվանդի վիճակն արդեն կայուն բավարար է:
Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքի հետ կապված մանրամասներ՝ նշելով, որ հակառակորդի գնդակը «ընդունելուց» հետո վիրավորված ծերունին ինքն է իր մեջ ուժ գտել, ընկած տեղից բարձրացել, նստել ավանակի սայլակին, կապել վիրավոր ոտքն ու տուն հասել: Ավելին՝ հրազենային վիրավորում է ստացել նաեւ ավանակը, բայց հավատարիմ կենդանին տիրոջը տուն է հասցրել: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց նաեւ, որ կրակոցի ժամանակ Լեւոն Անդրեասյանը եղել է գյուղից ներքեւ գտնվող իր այգում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում