««ԵՏՄ-ն որևէ բացասական ազդեցություն այս գործընթացների նկատմամբ չունի և չի էլ ունենա: Ի՞նչ բացասական սպասում կարող է լինել: Տնտեսական քաղաքականության իմաստով ոչ մի վատ բան չկա, այսինքն՝ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը մեզ համար լրացուցիչ խոչընդոտ չի ստեղծում, առավել ևս, որ միջկառավարական բանակցությունների ընթացքում որոշակի լուծումներ գտնվեցին: 2015-ին, եթե որևէ լավ բան չլինի, ապա վատ բան ԵՏՄ-ի անդամակցության գործոնի ներքո չի լինելու»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը անդրադառնալով տնտեսության ներկայիս վիճակին և դրա վրա ԵՏՄ-ի հնարավոր ազդեցությանը: «Այսօրվա ճգնաժամային հատվածում, իհարկե, հեշտանում են առևտրային կապերը, բայց եթե այսօր ռուբլու և դրամի փոխարժեքի տարբերության միտումների տեսակետից դիտարկենք, իհարկե, վատթարացում կլինի՝ կնվազեն դեպի ՌԴ մեր արտահանման ծավալները, ներդրումները ՌԴ–ից, թեև հակառակն էր սպասվում, կնվազեն տրանսֆերտները:
Ավելին՝ ակնհայտ է, որ ռուսական ապրանքների ներմուծումը ՀՀ կընդլայնվի, որովհետև ոչ թե ներմուծման փոխարինման զարգացում կունենանք, այլ հակառակը՝ այնտեղ ռուբլու այսչափ արժեզրկվելու պարագայում՝ ցանկացած ապրանքի ինքնարժեք դառնում է ավելի մրցունակ, քան ՀՀ-ում արտադրվող ցանկացած ապրանքինը: Ինչո՞ւմ է կայանում մեր ծուղակը, եթե մենք թույլ տանք դրամի պարիտետային արժեզրկում, իսկ այսօր ԿԲ-ն բոլոր միջոցներով փորձում է պաշտպանել դրամը, դա կարող է ձևավորվել 730-740 դրամ 1 դոլարի դիմաց փոխարժեքով: Եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ում գնաճի զսպումը չի հաջողվելու իրականացնել, և գնաճը կարող է հասնել 20%, ապա կարող ենք վերահաշվարկել ու, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումն ու այնտեղի գնաճը, կարող ենք ունենալ մոտ 650-680 փոխարժեք, որով կարող ենք մրցունակությունը վերականգնել միայն մոնետար գործոնի տեսանկյունից: Սակայն մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, որովհետև մենք էներգառեսուրսներ ներմուծող երկիր ենք»,- նշել է նա»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր «168 ժամ» թերթում