ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չափով չարաշահումների մասին հրապարակումների վերաբերյալ:
Երկու հոդվածներում աղբյուրը անդրադարձ էր կատարել Հանրային հեռուստաընկերությունում գրանցված խախտումներին՝ նշելով, որ Ֆինանսների նախարարության Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից պարզ է դարձել, որ պետբյուջեից Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հատկացվող գումարները ծախսվել են խախտումներով․ ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ է արձանագրվել:
«Ես խնդրում եմ մանրամասնել, թե ինչ շեղումների մասին է խոսքը, և հստակ նշել, թե որտե՞ղ են այդ գումարները ծախսվել: Եթե այդպիսի շեղումներ են եղել, , արդյոք սա չի խոսո՞ւմ կառավարման մոդելի ճգնաժամի կամ կադրային սխալ քաղաքականության մասին»,- հարցրեց Տոնոյանը:
Հարցին պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ չի կարծում, թե չարաշահումներ են եղել՝ ընդգծելով, որ խոսքն ընթացակարգային խախտումների մասին է: «Խոսքն ընթացակարգային շեղումների մասին է և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումներ են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- ասաց Ջանջուղազյանը:
Լուսանկարում՝ Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտ Գրիգորյանը
Այնուհետև թեմային անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա իր հերթին պարզաբանեց, որ խնդիրները եղել են տեխնիկական ու հաշվետվությունների տողերի սխալ ձևակերպումների հետևանքով ծագել են հարցեր։ «Տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել ընդունենք 5 տեսախցիկ, սակայն ընթացքում պարզվել է, որ վնասվել է ձայնային ստուդիայի վահանակը, սակայն մենք լուծումը գտել ենք ու գնել ենք երկու տեսախցիկ, և մեկ վահանակ, որպեսզի հատկացվող գումարը չգերազանցվի։ Պնդում եմ՝ գումարի վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպումների տարբերություն, բայց հետագայում մեզ ասվել է, որ նման փոփոխություն անելու դեպքում պետք է դիմեինք ֆինանսների նախարարություն»,- ներկայացրեց Մարգարիտա Գրիգորյանը։
Խնդրին անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ զարմանալով, թե ինչու է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փաստաբանի դեր ստանձնել։
«Խոսքը Հանրային հեռուստաընկերության մասին է: Եթե մամուլում կա նման հրապարակում, և Դուք՝ տիկին Մարգարիտա, պարոն Ջանջուղազյանը, մյուսները դրան պատասխանելու բան ունեք, դիմեք դատարան, կա հեղինակություն վայելող լրատվամիջոց, որը երկու հրապարակումով է հանդես եկել: Վերականգնեք հանրության մոտ այն համբավը, որը կար»,- ասաց նա։
Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ փաստաբանի դեր չի ստանձնել, Ֆինանսների նախարարության կատարած ստուգմանն է անդրադարձել։
Թե՛ Ռուբեն Ջաղինյանը, թե՛ Մարգարիտա Գրիգորյանը չարձագանքեցին պատգամավորի դիտարկմանը։