«Հայաստանը թատերաբեմ է, որտեղ բախվում են տարբեր աշխարհակալ ուժեր, Հայաստանն էապես անցել է Միացյալ Նահանգների կառավարման տակ»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում, խոսելով Հայաստանում ծավալվող հետընտրական զարգացումների մասին, ասել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով, որ իր հերթին մեկ այլ տերություն՝ Ռուսաստանը, փորձում է սրան դիմակայել, ինչը կարող է Հայաստանում առաջացնել բախում, ինչպես 1988թ. ղարաբաղյան շարժման ժամանակ խորհրդային հատուկ ծառայությունները փորձեցին հրահրել հայ-ադրբեջանական բախումներ:
«Ղարաբաղյան շարժման առաջատար գործիչ Ա.Մանուչարյանը նշեց, որ հատուկ ծառայությունների պատկերացմամբ՝ պետք է առաջանար բախում տարբեր հատվածների միջեւ, ինչը կառաջացներ հատուկ դրություն մտցնելու եւ ձերբակալություն անցկացնելու անհրաժեշտություն, եւ այդպիսով կխափանվեին ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովի սկսած բարեփոխումները, ինչը նրանց նպատակն էր: «Բայց հանկարծ Հայաստանում կատարվում է այն, ինչն անսպասելի էր բոլորի համար, մեկ-երկու օրվա ընթացքում մեկ միլիոն մարդ դուրս է գալիս հրապարակ, եւ այդ գործընթացի տնօրինությունը վերցնում է շատ ակտիվ մտավորականությունը»:
Գալով արդեն այսօրվա շարժմանը՝ Մանուչարյանն ընդգծեց, որ պետք է կարողանանք գործընթացները դուրս բերել առաջին հերթին, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի ազդեցությունից: «Սա անելու բանաձեւը նույնն է, ինչ որ 88-ին էր. պետք է շատ ակտիվ լինի մտավորականությունը, քննարկի, խոսի իր բոլոր աշխատավայրերում, ինչպես այն ժամանակ էր»»,- մեջբերում է «168 ժամը»: