««2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Այս թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով: Ընդ որում սա չի վերաբերում այն խախտումներին, որ ճանապարհային ոստիկանության տեսուչներն են արձանագրում, այլ բացառապես տեցախցիկների և արագաչափերի աշխատանքի արդյունքում գրված տուգանքներին: Մոտավորապես երկու միլիարդ՝ դրամի ակտ էլ գրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչը նախկինում նույնպես արել են: Բայց երբ 2014 թվականի թվերը համեմատում ենք այն ժամանակների հետ, երբ արագաչափեր չկային, հասկանալի է դառնում, որ հայաստանցի վարորդների վրա մոտավորապես ութ միլիարդ դրամի հավելյալ բեռ է առաջացել: Մոտավորապես այդքան գումար, որ նրանք նախկինում ծախսում էին բոլորովին այլ նպատակների վրա, հիմա ստիպված են տուգանք վճարել:
Երբ արագաչափերը նոր էին տեղադրվել, կառավարության ներկայացուցիչները ասում էին, որ ճիշտ է, դրանց պատճառով ավել փող են տալիս մարդիկ, փոխարենը այդ սարքերի գործունեության արդյունքում մեծանում է երթևեկության, այսինքն քաղաքացիների անվտանգությունը: Պաշտոնական վիճակագրության թվերը, սակայն, ցույց են տալիս, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների՝ վիրավորների թիվը գնալով աճում է: 2014-ին, օրինակ, 2013-ի նկատմամբ, այդ աճը կազմել է 12 տոկոս, իսկ ահա 2011-ի նկատմամբ 2014-ի աճը ամբողջ 35 տոկոս է կազմել: Ստացվում է ի՞նչ, քաղաքացիների երթևեկության անվտանգությունը սրանից չի մեծացել, ավելի մեծ թվով քաղաքացիներ են տուժում վթարների պատճառով, և սա քիչ չէ 10 միլիարդ դրամ էլ հավելյալ վճարում են: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, երեկ Աժ-ում այս վիճակը մեկնաբանելով, ասել է, թե վերջին տարիներին Հայաստանում ավտոմեքենաների թիվը 150 հազարով աճել է և վիրավորների աճը պայմանավորված է հենց դրանով»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում