«Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դատական հայցը գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ կքննի ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի դուստր Զարուհի Նախշքարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը ապրիլի 27-ին ԱՄՆ-ում դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ օֆշորային աղմկալի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանին պարտավորեցնելով shamshyan.com էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ՝ Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանը ստացել է 7.5 մլն դոլար ինչ-որ մեկից, ոսկու գնման գործընթացի է մասնակցել, ստացել է խոշոր ծավալների ոսկի, մասնակցել է 2009թ. էկոնոմիկայի նախարարությունում Ներսես Երիցյանի հետ հանդիպմանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանից հետաքրքրվել՝ արդյո՞ք ինքնաբացարկ կներկայցնի այդ գործով՝ հաշվի առնելով թեմայի շուրջ հասարակական հետաքրքրությունն ու մեծ հնչեղությունը: Սակայն դատավորը իրեն դրեց կաղապարների մեջ եւ լսելով մեր հարցը՝ պատասխանեց. «Ձեր հարցին չեմ պատասխանի, քանի որ իրավասու չեմ, իսկ եթե խոսեմ, կենթարկվեմ պատասխանատվության»:
Մեր մյուս հարցին՝ իսկ գոնե կարո՞ղ եք ասել, թե ինչ կաշկանդվածություն ունեք նման հնչեղություն ունեցող գործի քննությունից առաջ, դատավորը դարձյալ հակիրճ պատասխանեց. «Ժամանակի ընթացքում ամեն ինչ կիմանաք»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ 2013թ. մարտի 5-ի՝ Սերժ Սարգսյանի հրամանով Զարուհի Նախշքարյանը նշանակվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Սակայն նշանակման օրվանից նա մարզում դատական ոչ մի նիստ չէր վարել, իսկ կարճ ժամանակ անց ֆիզիոլոգիական արձակուրդի էր գնացել, որի ավարտից հետո էլ չէր վերադարձել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Փոխարենը 2013թ. սեպտեմբերի 30-ին նշանակվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում