Շամշյանախառը պատմություն արյունոտ ընթացքով ու այլընտրանքային վերջաբանով. ovanitas.livejournal.com
Հրապարակից Նալբանդյանով բարձրանում էի։ Սախարովի հրապարակ չհասած մեքենայի անիվների ճռռոց լսեցի։ Շրջվեմ, տեսնեմ մի սպիտակ զրովեց վերջին պահին որոշեց կարմիրի տակ կանգնի։ Հենց դիմացով տարեց զույգ էր անցնում, որը ահագին վախեցավ։ Զրովեցի ետևից կպած գալիս էր պետավտոտեսչության մեքենան։ Մտածեցի կլսեմ ծանոթ «սբիդագ զրովեց, անցի աջ քաշի, կանգնի, արա»։ Չլսեցի։ Էդ պահին զույգն արդեն զրովեցի դիմացն ազատել էր, բայց մեքենաների համար դեռ կարմիր էր։ Զրովեցը տեղից ճռռացնելով, կարմիր լույսն արհամարելով պոկվեց ու Նալբանդյանով քշեց֊սլացավ վերև։
Էս պահը շրդադարձային ա պատմությանս մեջ։ Ֆիքսեք սա, խնդրում եմ։
Ոստիկանության մեքենան պոկվեց զրովեցի հետևից։ Զրովեցը չէր ենթարկվում կանգնելու ազդանշաններին։ Խիզախ ոստիկաններից մեկը ղեկն էր բռնել, մյուսը պատուհանից դուրս թռավ ու աջ ձեռքով կախվեց զրովեցի հետևի շիթից։ Ծնկներն արյունլվա էին։ Զրովեցից կրակում էին ոստիկանների ու խաղաղ անցորդների վրա, ոստիկանը անձնազոհաբար կրծքով փակելով զրովեցում տեղադրված դզոտը, ձեռքի նռնակը հասցրեց ներս գցել զրովեցի դզոտի դիտանցքից։ Մարդկային մսի կտորտանքները թռնում էին Սախարովի կիսանդրու վրա ու մրգերի ֆրեշ պատրաստող միքսերի մեջ՝ նարնջի ֆրեշին արնահամ հաղորդելով… Մյուս ոստիկանը թողնելով մեքենան, թռավ ու փաթաթվեց զրովեցի դիմացի ակին։ Մեքենան կանգնեց։ Վառված ռեզինի հոտն ու մսի ճենճահոտը խառնվել էին իրար։ Խախտում կատարողները, սակայն, վնասազերված էին։ Բոսոր արևը մայր էր մտնում՝ Սախարովի կիսանդրու ստվերը երկարելով մինչև վնասազերված օրինախախտների դիերը…
Սա հնարավոր ելք էր։ Իսկ հիմա վերադառնանք էն վերևի ֆիքսված կետին, որտեղից պատմությունն, ավաղ, իրականում ուրիշ՝ ավելի իրատեսական ընթացքով գնաց։ Էս տարեց կինը ոստիկանի բաց պատուհանից սկսեց սրանց շատ տեղին պախարակել, թե՝ այ դառմայեդներ, ինչ եք աչքներդ չռել վրես նայում. էն ավտոն կարմիր լույսի տակ աչքներիդ դեմն անցավ գնաց, իրենց էլ քիչ էր մնում տակը գցեր։ Ոստիկանները մի տաս - տասնհինգ վայրկյան մարսում էին տեղեկատվական էդ հոսքը, հետո արագ կողմնորոշվեցին իրավիճակում ու կարմիրի տակ գազ տալով քշեցին առաջ։ Ես արդեն ուզում էի մտածել, որ հեսա երկար սպասված «խշ...խշ… սպիտակ զրովեց, աջ քաշի...»-ն կլսվի, էն էլ ոստիկաններս թե չորս ակ ունեին, մի չոսրն էլ փոխ առան ու աջ թեքվելով դեպի Վարդանանց փողոց արանքը ճղեցին։
Էս իրական հիմքով ու երկակի ընթացքով առակս կցուցանե հետևյալը. զրովեց կա՝ «ծիծակ համարներով յաշիկ բրաբուս» արժի, ոստիկան կա՝ իր ուսադիրները չարժի։ Ֆեյսբուքից ընկավ երեք ստատուս՝ մեկն իմ կամրադներին, որ զեբրը կանաչ լույսով անցնելուց ուշադիր նայեն կողքները, նոր անցնեն (մալը լի), մեկը Գագիկ Շամշյանին, որ «ծիծակ համարներ» ու «յաշիկ բրաբուս» արտահայտությունները ներմուծեց բազմաչարչար հայոց լեզվուն, մեկն էլ ինձ, որ հաջորդ անգամ հասցնեմ խելախոսիս կամերան ժամանակին «խոդեմ», որ պատմություններս այսուհետ փաստերով համեմված լինեն։ Ողջ լերուք և բարին ընդ ձեզ։
Աղբյուր` ovanitas.livejournal.com