Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին սրված իրավիճակը վկայում է այն մասին, որ կողմերը կարող են փորձել պատերազմի միջոցով խախտել հաստատված ստատուս քվոն, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է անվանի «Ստրատֆոր» աշխարհքաղաքական, հետախուզական, խորհրդատվական կենտրոնի վերլուծությունների փոխնախագահ Ռեվա Բհալլան: Նրա խոսքով, թեեւ հայկական կողմը հետաքրքրված է հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման մեջ, Ադրբեջանում, որը հիասթափված է միջազգային միջնորդներից եւ Արեւմուտքից ընդհանրապես, փորձում են օգտագործել ռազմական հակամարտության վտանգը քաղաքական խնդիրները լուծելու համար:
Ավելին, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացման պայմաններում Բաքվում կարծիք է ձեւավորվում, որ ադրբեջանական կողմը մանեվրելու ավելի մեծ տարածություն ունի եւ այն կարող է սրել հակամարտությունը՝ փորձելով հայկական կողմից զիջումներ կորզել. «Ադրբեջանն այժմ համեմատում է ռազմական սցենարի հնարավոր կորուստներն ու շահերը: Այն ցանկանում է տեսնել, թե արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի եւ թե արդյո՞ք նոր ձեւաչափով բանակցություններ կընդանան, որտեղ Հայաստանը կարող է ստիպված լիներ զիջումների գնալ»: Ռեվա Բհալլան Ղարաբաղում ռազմական սցենարով իրադարձությունների զարգացումն այնքան էլ հավանական չի համարում սակայն հիշեցնում է, որ Բաքվում նաեւ քննարկվում է սահմանափակ պատերազմի տարբերակը, որը թույլ կտար ադրբեջանական ղեկավարությանը փորձել քաղաքական նպատակներին հասնել առանց լայնածավալ պատերազմ սկսելու:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ իրավիճակը քննարկելու նպատակով: Միեւնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ ադրբեջանական բանակին հրաման է տրվել կրակ չբացել քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հիշեցնենք նաեւ, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը առաջարկել են քայլեր իրականացնել, որոնք թույլ կտան փրկել կյանքեր և խուսափել պատերազմից: Մասնավորապես, կոնգրեսականներն առաջարկել են բոլոր կողմերին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո հրադադարի խախտումներն արձանագրող համակարգեր տեղադրել: