▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանն ու Իրանը չեն համարձակվի դեմ գնալ Թուրքիային

Վաղը՝ ապրիլի 24-ին,  լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը  1965 թվականին։

2016 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը 554 կողմ ձայնով բանաձև ընդունեց, որով կոչ էր անում Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց 1987 թվականի ընդունած բանաձևը, որով 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ՄԱԿ-ի՝ ցեղասպանության մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Ցավոք, մինչ օրս Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել մեր հարևան Իրանն ու Վրաստանը, որոնց հետ, կարելի է ասել, բարեկամական հարաբերություններ ունենք: Իսկ, թե ի՞նչն է այս երկու պետությունների նման պահվածքի պատճառը՝ փորձել ենք պարզել վրացագետ Ալիկ Էրոյանցից և իրանագետ Արամ Մանուկյանից:

«Իրանում այս պահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու շահագրգռվածություն չկա: Ցավոք, նման որոշումների ժամանակ, որպես կանոն, երկրներն առանջորդվում են պետական շահով, այլ ոչ թե արդարության զգացումով կամ հումանիստական մղումներով: Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում կտրուկ կվատանան առանց այդ էլ բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը կանդրադառնա երկկողմանի հարաբերությունների վրա բոլոր մակարդակներում,-ասաց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Ալիկ Էրոյանցի  պնդմամբ՝ Վրաստանը չի ճանաչում և դեռ երկար ժամանակ չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը.

«Անշուշտ իր պատճառներն ունի, սակայն դա չի նշանակում, որ մեր՝ հայերիս հետևողական պայքարը նաև վրացական դաշտում պետք է թուլանա, հակառակը՝ անհրաժեշտ է լուրջ և ակտիվ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ:  Խնդիրն այն է, որ վրացական հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ տեղյակ են և լավ հասկանում են, թե ինչ է իրականում տեղի ունեցել 101 տարի առաջ, քանի որ Վրաստանը ևս անմասն չի մնացել օսմանյան այդ ժամանակյա չարիքից, սակայն, ինչպես արդեն նշեցի, գոյություն ունեցող մի շարք խնդիրներ շատերին դեռ թույլ չի տալիս ավելի ազատ արտահայտվել այդ մասին:

Իսկ պատճառների մասին խոսելիս ուղղակի մի քանի հանգամանք նշենք. Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, թիվ մեկ առևտրային գործընկերը, Թուրքիայի հետ Վրաստանը կապված է միլիարդավոր դոլարների հասնող տնտեսական նախագծերով, թուրքական կապիտալը, ներդրումները Վրաստանում մեծ բաժին են կազմում վերջինիս տնտեսական կյանքում, հավելենք, որ Անկարան միջազգային հարթակներում մշտապես հանդես է եկել վրացանպաստ դիրքորոշմամբ, ընդամենը հիշենք Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունն առ այն, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը պնդելու է Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու անհրաժեշտության մասին, քանզի ըստ թուրքերի,  տեխնիկական տեսանկյունից դա արդեն իսկ հնարավոր է, նույնիսկ՝  առանց ՄԱՊ ստանալու:

Վերոնշյալից ելնելով՝ հասկանալի է դառնում, թե ինչ կկորցնի Վրաստանը՝ ընտրելով Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան ցավագին է ընդունում Թուրքիան ցանկացած պետության նման մոտեցում: Հետևաբար, Վրաստանի իշխանություններն, իրենց երկրի ազգային և պետական այսօրյա շահերից դրդված, չեն համարձակվի ընդդեմ գնալ Թուրքիային և ճանաչել պատմական իրողությունը:

Հեռանկարային շահերի առումով, սակայն, Վրաստանն ինքնին խնդիրների մի մեծ փունջ է պատրաստում հաջորդ սերունդների համար, քանզի թուրք-ադրբեջանական ազդեցությանն ընդդիմանալու անզորության կամ անգործության արդյունքում այդ երկիրը վաղ թե ուշ հայտնվելու է Անկարայի և Բաքվի լիակատար կամակատարի դերում»,-եզրափակեց Ալիկ Էրոյանցը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին