Վաշինգտոնում անցկացված գիտաժողովում աշխարհից հավաքված գիտնականները լայնորեն անդրադարձել են Կովկասյան տարածաշրջանի, ներառյալ՝ Հայաստանի վրա Ուկրաինական հակամարտության ազդեցությանը:
Ուկրաինական ճգնաժամը ու նրա անդրադարձը հետխորհրդային տարածաշրջանում էական ազդեցություն ունի Կովկասյան երկրների ներքաղաքական իրավիճակի վրա: Հիմնականում այս կարծիքն էին արտահայտում աշխարհի մի շարք երկրներից Վաշինգտոն ժամանած քաղաքագետները։
Ըստ Տարտուի համալսարանի դասախոս Անդրեյ Մակարևիչի՝ ուկրաինական իրադարձությունները որոշակիորեն շեղել են ուշադրությունը Վրաստան-Ռուսաստան հարաբերություններից, ինչը նշակալիորեն թույլ է տվել Ռուսաստանին մեծացնել Վրաստանում իր ներազդման լծակները, հատկապես «սօֆթ փաուերի»՝ թարգմանաբար՝ «մեղմ» ազդեցության միջոցով: «Մեղմ ազդեցության» լծակների շրջանակում նշվում են մշակութային, գիտական, կրոնական ու քաղաքակրթական ընդհանրությունները:
Հայաստանի վրա ներազդման առումով շատերը փորձում էին նմանություններ գտնել Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների ու Բաղրամայան պողոտայում ծավալված շարժման միջև: Սակայն այդ հարցով զեկուցող, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության ու հնագիտության ինստիտուտից Նոնա Շահնազարյանը նշեց, որ Բաղրամյան պողոտան ամենեւին աղերսներ չունի Մայդանի հետ.
Ըստ նրա, ամեն ինչ իհարկե փոխկապակցված է այս աշխարհում, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մեկը մյուսի վրա, սակայն, նշում է նա, Մայդանում ի սկզբանե առկա իշխանափոխության ու քաղաքական մյուս պահանջները գրեթե բացակայում էին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններում:
Ամերիկայի ձայնի տեսանյութը