ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում։
Սա լրիվ փորձանք է…
Կարդացի Փաշինյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի առթիվ։
Ի՞նչ է պարզվում։
Փաստորեն Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։
Ասում է, որ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»։
Փաստորեն Նիկոլը, Էրդողանի ու Ալիևի նմանությամբ, հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիայի» ու «հարևանների հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ:
Ըստ էության, նա կոչ է անում հնազանդ ու «խաղաղ» ապրել «թուրքի տակ»՝ խելոք իրականացնելով Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» թեզը։
Ասում է՝ «կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։
Ի՞նչ է սա…
Փաստորեն Նիկոլը «ԽՍՀՄ ուրվականից» հեռանալուն զուգահեռ Հայաստանի գլխին բերում է «Թուրքիայի ուրվականը»։
Ամոթ էլ չունի, որ ասեմ՝ չե՞ս ամաչում, Նիկոլ։
Եռաբլուրի հերոսներին ովքե՞ր են սպանել։
Ամերիկացի՞ն,ֆրանսիացի՞ն, ռո՞ւսը…
Ոչ, թուրքը։
Ցեղասպանությունը մեր ազգի գլխին ո՞վ է բերել։
Օսմանյան ու քեմալակական Թուրքիան։
44-oրյա պատերազմը ովքե՞ր սանձազերծեցին։
Թուրքիան ու Ադրբեջանը։
Բա այ թուրքի կամակատար, ի՞նչ ես հակապետական ու հակահայկական «ուղերձներ» հղում։
Բա որ ասում եմ Փաշինյանի միակ աշխարհաքաղաքական հենարանը Էրդողանի ու Ալիևի ռեժիմներն են, ոմանք զարմանում են։
Այսօրվա կապիտուլյանտի «ուղերձն» էլ ձեզ ապացույց։
Հ.Գ. Կապիտուլյանտ, դու էիր 2020-ի աշնանն ասում, որ Թուրքիան եկել է ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։
5.000-ին ցեղասպանեց։
Մի մեծ մասին «կերավ», իսկ քեզ էլ Նիկոլ…… հնազանդեցրեց՝ դարձնելով իր սեփական «մարիոնետկան»։
Մեր անկախությունը կորսված է, քանի դեռ կա նիկոլիզմը։
Անկախությունը վերանվաճելու առաջին պայմանը նիկոլիզմի հեռացումն է։
Կեցցցե այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմ չի լինի»։
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ստորև.
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, և այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը:
Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թևածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում:
2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել և վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, ետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից:
Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք, ի վերջո, ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:
Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:
Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:
Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:
Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: