Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհրաձգությունը ցուցադրեց հանրությանը վաղուց հայտնի իրողությունը՝ իշխանության բարձրագույն մարմինների ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել ստախոսության ամոթալի արատից: Ռոբերտ Քոչարյանը խոսելով «գույք պարտքի դիմաց» գործարքի մասին՝ լռելյայն շրջանցեց Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը՝ ստացած արտադրական միավորների գործարկումը, ինչն օգտագործեց երրորդ նախագահը՝ ի դեմս էներգետիկայի նախարար Մովսիսյանի, հիշեցնելով այդ փաստը: Ռոբերտ Քոչարյանը ստեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու իր ծրագրերի մասին, ինչին պատասխանեց ներկայիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հիշեցնելով ՀՀ կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն և 2006 թվականի մայիսի 26-ին ընդունված N 796-Ն որոշումները: Ռոբերտ Քոչարյանը իր երրորդ արձագանքով հիշեցնում է, որ 2002թ. «Գույք պարտքի դիմացը» ձևավորվել է անձամբ Մովսիսյանի մասնակցությամբ, և, լռելով Ռուսաստանին հանձնված գույքի հետագա ճակատագրի մասին, «մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ» /այլ փաստարկներ չի բերում/: Ավելի մանրամասն է անդրադառնում 2006-ի համաձայնագրին, որով «Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ»: Շրջանցելով ՀՀ բնակչության համար շատ կարևոր այն հարցը, որ սուբսիադավորումը ժամանակավոր էր և մեծ հաշվով իրականացվել է հայկական գույքի արժեքի հաշվին /Գազպրոմին տրված կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվել էր 250 մլն դոլար/, Քոչարյանը «մոռանալով-մոռանում է», որ ով ով՝ ինքը շատ լավ գիտեր, որ սուբսիդավորման աղբյուրը շուտով կսպառվի և գազի գինը կաբրձրանա, «մոռանում է» նաև, որ իր կողմից արդյւոնավետ համարված այդ գործարքները, ի թիվս այլևայլ գործարքների, հանրությանը պատկանող հարստության՝ գույքի փոշիացումն էր այն դեպքում, երբ իր իսկ իշխանության տարիներին եկամտաբեր տնտեսություն չէր ձևավորվում և շինարարությունն, իհարկե, բիզնեսի այլ ոլոտներ չոնեցող փողի մեռցնել էր քարի ու բետոնի մեջ, չհաշվելով «պետական կարիքների համար» բնակչության գույքի հատկացումը իր «բիզնես միջավայրին»: «Պետական կարիքների համար» հանցագործությունը խնամքով շրջանցում են երկու կողմերն էլ, երկուսն էլ ոտքից գլուխ թաթախված են այդ հանցագործության մեջ: Արդյունքում շատ լավ իմանալով միմյանց հանցագործությունները, անկախ Հայաստանի դեռևս կարճաժամկետ գոյության ընթացքում պաշտոնավարած երեք նախագահները և նրանց «թիմերը» մեղադրում են միմյանց և հերթով մեկը մյուսին մերկացնում ստախոսության մեջ, չնայած առաջինի պաշտոնավարման շրջանում բոլոր երեքն էլ միմյանց և ամեն մեկին առանձին-առանձին գովել են: Երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում միմյանց գովել են վերջին երկու նախագահները և միասին ու առանձին-առանձին քննադատել առաջին նախագահին: Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում գործողին մեղադրում են առաջին երկուսը, իսկ գործողը մերկացնում և մեղադրում է առաջին երկուսին: Շրջանակը փակվել է, բայց մեծ հաշվով հանրությունը չի վստահում և երեքից ոչ մեկին և բոլորին մեղադրում է ժողովրդի դեմ գործած հանցագործություններում, իսկ երեքը միասին և առանձին-առանձին չեն վստահում հանրությանը: Քանի որ անկախ Հայաստանի կարճաժամկետ փորձը իշխանության վերին օղակներում միմյանց քննադատողների «սերտ բարեկամության» հարուստ նյութ ունի, բնավ չի բացառվում երեք նախագահների հերթական սերտ բարեկամության վերահաստատումը՝ հանրության դեմ: Իրականում ինչքան քիչ խոսվի անկախ Հայաստանի երեք նախագահների մասին՝ այնքան մոտ կլինի այս շրջանակից դուրս ապագա նախագահի փնտրտուքը: Թող իրար միս ուտեն՝ ինչքան սրտները կուզի, ինչքան ուժները կպատի...
Թող իրար միս ուտեն՝ ինչքան սրտները կուզի, ինչքան ուժները կպատի...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet