▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսանյութի շուրջ աղմուկի մասին»․ Դատական դեպարտամենտ

ՀՀ դատական դեպարտամենտը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել․ «ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավարտման պատճառների և այլնի մասին։ Տեսանյութի հրապարակումից հետո որոշակի քաղաքական շրջանակների հետ կապված մի քանի փաստաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ, ինչպես նաև մի քանի չեզոք անձինք խստորեն քննադատեցին այն: Հարձակման հիմնական թեզերին անդրադառնանք առանձին:
Թեզ 1. «ԲԴԽ-ն իրավունք չունի նման ֆիլմեր նկարահանել, այն էլ՝ դատավորների մասին»։
ԲԴԽ-ն չի էլ պատրաստել այս տեսանյութը, դա արել է ՀՀ դատական դեպարտամենտը, որն ունի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչություն, ինչպես նաև Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն: Առաջինը հավաքագրել, վերլուծել և տրամադրել է բոլոր տվյալները, իսկ երկրորդը` այդ ամենն ամփոփել ու մատուցել է տեսանյութի ձևաչափով:
Թեզ 2. «Դատական դեպարտամենտն իրավունք չունի քննադատել որևէ դատավորի աշխատանք»:
Օրենքը լիազորում է Դատական դեպարտամենտին ուսումնասիրել դատական պրակտիկան և հանրայնացնել արդյունքները: Ըստ օրենքի՝ այդ հրապարակումներով կարգապահական վարույթ հարուցող Արդարադատության նախարարությունը և ԴԸԺ էթիկայի հանձնաժողովը նույնիսկ կարող են կարգապահական վարույթ բերել ԲԴԽ:
Թեզ 3. «Պետական (դատական) մարմինը չպետք է քննադատի մի դատավորին և գովաբանի մեկ այլ դատավորի»։
Հրապարակվել են բացառապես օբյեկտիվ և ճշգրիտ տվյալներ: Դատական դեպարտամենտի մեղքը չէ, որ մի դատավորի արդյունքներն ավելի դրական են եղել, քան մյուսինը: Ավելին` հանրությունն իրավունք ունի ստանալ չգաղտնիացված բոլոր այն տվյալները, որոնք չափազանց կարևոր են դատական իշխանության հեղինակության համար: Անթույլատրելի է լղոզել ճշմարտությունը, թացը չորի հետ խառնել, մեկ կամ երկու դատավորի թերացումների համար պախարակել ողջ դատական իշխանությանը: Առավել ևս՝ անընդունելի է տարբեր պետական մարմինների անբավարար ջանասիրության պարագայում բոլոր ձախողումների մեղքը բարդել միայն դատական համակարգի վրա: Դատական իշխանությունն այս տեսանյութով ապացուցում է, որ ունի բավարար ազնվություն և ինքնահայեցողություն, որպեսզի գտնի ու բացահայտի սեփական թերացումները: Նույնը մաղթում ենք բոլորին:
Թեզ 4. «Տեսանյութի առանձին դրվագներ ապացուցում են, որ եղել է դատական գործերին միջամտություն»:
Տեսանյութում մաթեմատիկական ճշտությամբ ներկայացված է, թե ինչպես է ԲԴԽ կազմի փոփոխությունը համընկել որոշ գործերի արագացման հետ: Դրա պատճառների մասին խոսք չի եղել: Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, կարող ենք միայն ենթադրել, որ արագացումը տեղի է ունեցել դատական համակարգի ընդհանուր կառավարման արդյունավետության բարձրացման կամ ԲԴԽ որոշումներով առանձին դատավորների պատասխանատվության ենթարկելու հետևանքով (օրինակ` գործերի ուշացման համար դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը):
Թեզ 5. «Տեսանյութը ճնշում է դատավորներին»:
Այնքան կեղծ ու անհիմն է այս պնդումը, որ դրա շրջանառողները չեն էլ կարողացել բացատրել, թե այդ ինչպես է ճշմարտությունը ճնշում դատավորին: Ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ և լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ Դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարևոր տեղեկատվություն և նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Վստահ ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն էլ կշարունակի երաշխավորել Դատական դեպարտամենտի և բոլոր դատավորների բնականոն աշխատանքն ու անկախությունը»։

***

Թարմացված․ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԴԽ-Դատական դեպարտամենտի կինոյի վերջում սպասում էի մեկը գոռար՝ «Տապասիաաաա»։ Մի խոսքով, դրամատուրգիան կաղում էր, էլ մի նկարեք»։

Թարմացված․ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ անդրադարձել էի:

Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի:

Առավել կոնկրետ՝ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:

Այսինքն, կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում պաշտոնատար անձի լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:

Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է տեսանյութը պատրաստելու հանձնարարականին, այն պատրաստելուն և այդ գործընթացը ղեկավարելուն, որի արդյունքում էական վնասը պատճառվել է դատական իշխանության հեղինակությանը և անձի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին` հօգուտ քաղաքական իշխանության շահերի:

Փոխարենը` ԲԴԽ-ն զբաղված է անտեղի պարզաբանումներով` վկայակոչելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններր դադարեցումն այն պայմաններում, երբ յուրայինների կողմից նույն ու ավելի կոպիտ խախտումների դեպքում ոչ միայն պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում, այլ նրանք առաջխաղացումներ են ունենում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին