▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենսացիոն տեղեկություն` խարդախություն ու միլիոնների հափշտակություն «Յունիբանկ»-ում

Nyut.am-ը գրում է. Այս քրեական գործի վերաբերյալ պաշտոնական սուղ տեղեկատվությունը, որը տեղադրված է datalex.am կայքում, գրեթե ոչինչ չի ասում «Յունիբանկ» ՓԲԸ-ում պայթած քրեական սկանդալի մասին: Միգուցե ոմանք ջանացել են, որ հենց այդպես էլ լինի, դժվար է ասել:

Ըստ հիշյալ պաշտոնական տեղեկատվության՝ Երևանի բնակիչ Արմեն Ղայթանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի Երևանի Սեբաստիա- 141 հասցեում գտնվող «Մալաթիա» մասնաճյուղում որպես ոսկերիչ, «Յունիբանկ» ՓԲԸ-ից 26.02.2004 թվականից մինչև 15.06.2006 թվականը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար` 134 113 432 դրամ: Վերոնշյալ արարքի համար Արմեն Ղայթանջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս քրեական գործը, որի նախաքննությունն արդեն ավարտված է, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել է ս. թ. հունիսի 23-ին, այս ամսի 17-ին նշանակված է առաջին դատական նիստը (նախագահող դատավոր` Արտակ Զախարյան):

Ուշադրություն դարձրեք հափշտակված գումարի չափին` ավելի քան 134 մլն դրամ կամ մոտ 330 000 ԱՄՆ դոլար: Ամեն տարի այսպիսի խոշոր հափշտակություն չի լինում, իսկ բանկից կամ «Յունիբանկ»-ից հափշտակության այս դեպքը բացառիկ է, աննախադեպ: Իսկ ինչպե՞ս է նշված հափշտակությունը Արմեն Ղայթանջյանին հաջողվել, այն էլ` գրեթե 3 տարի շարունակ, նա միայնակ, առանց բանկի նշված մասնաճյուղի ղեկավարության կամ իր որոշ գործընկերների, կկարողանա՞ր դա իրականացնել, ի՞նչ կա քրեական գործի խորքում… Հավաստի աղբյուրներից մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ ձեռք բերել այս խիստ ուշագրավ քրեական գործի վերաբերյալ, և արդեն հիմա` դրանց ծանոթանալուց հետո, կարող ենք այն կարծիքը հայտնել, որ տվյալ գործի նախաքննությամբ ամեն ինչ չի բացահայտվել: Բայց, ինչպես ասում են, հերթով:

Նախ, համառոտ տեղեկացնենք, թե ով է Արմեն Ղայթանջյանը: Նա 2004թ. փետրվարի 26-ից մինչև 2006թ. հունիսի 15-ն աշխատել է «Յունիբանկ» ՓԲ ընկերության «Մալաթիա» մասնաճյուղում որպես ոսկերիչ-փորձագետ: Ա. Ղայթանջյանի պարտականությունների մեջ է մտել բանկի կողմից հաստատված չափանիշներով բանկի կողմից տրամադրվող ոսկու գրավադրմամբ վարկերը ձևակերպելիս, գրավի առարկայի ստուգումն ու գնահատումը:

Քրեական գործի նախաքննության արդյունքում այնպես է ներկայացված, որ Արմեն Ղայթանջյանն աշխատանքի ընթացքում ձևանալով որպես բարեխիղճ աշխատող, ձեռք բերելով «Յունիբանկ» ՓԲ ընկերության «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գրիգորյանի, վերջինիս տեղակալ և, միաժամանակ, վարկային բաժնի պետ Վարոս Սարգսյանի, վարկային մասնագետ Մարգար Հարությունյանի, գլխավոր հաշվապահ Սիրուն Գրիգորյանի, մենեջեր Ալինա Սարգսյանի, հաշվապահ Անահիտ Գրիկյանի, դրամարկղի վարիչ Անահիտ Գինոսյանի և մասնաճյուղի մյուս աշխատակիցների, ինչպես նաև «Յունիբանկ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավար Գևորգ Դրամբյանի վստահությունը, դեռևս 2004 թվականից ինչպես իր, այնպես էլ իր ընկերների և ծանոթների` Տիգրան Քոչարյանի, Գևորգ Բալխչյանի, Կարեն Սարիբեկյանի, Կարեն Միրզոյանի, Մկրտիչ Ղափանցյանի, Արտյոմ Ղազարյանի համար, նրանց հարազատների, ծանոթների և ընկերների անուններով ոսկու գրավադրմամբ ձևակերպել է բազմաթիվ վարկեր է, որոնց տրամադրման պարտադիր պայման հանդիսացող գրավի առարկաները` ոսկյա զարդերը, ինքն է գրավադրել: Ուրեմն վստահությունը ձեռք բերելով, չարաշահել է այն: Բայց վերոնշյալ անձանցից (ուշադրություն դարձրեք նրանց բարձր, լուրջ, պատասխանատու պաշտոններին) բոլո՞րն էին միամիտ, որ Արմեն Ղայթանջյանը կարողացել է իր ծրագիրն իրականացնել: Անկեղծ ասած, մի քիչ դժվարանում ենք հավատալ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Արմեն Ղայթանջյանն այդ ընթացքում իր լիազորություները բանկի շահերին հակառակ և իր, ինչպես նաև ընկերների և ծանոթների օգտին օգտագործելով, առանց այդ անձանց և բանկի աշխատակիցների գիտության (մի՞ թե…), ոսկու փոխարեն, գրավադրել է գրավի առարկայի պահանջներին չհամապատասխանող, ակնհայտ ցածր արժեք ունեցող ոսկու շերտով պատված արծաթից և պղնձի համաձուլվածքից (եթե չենք սխալվում, խոսքը «բուլատ» կոչվածի մասին է) պատրաստված իրեր, որոնք գնել է «Մալաթիա» ոսկու տոնավաճառից:

Ըստ իրավապահների, վերոնշյալ վարկերը տրամադրելուց հետո, Կարեն Սարիբեկյանը, Մկրտիչ Ղափանցյանը, Տիգրան Քոչարյանը, Գևորգ Բալխչյանը, Արտյոմ Ղազարյանը, Կարեն Միրզոյանը ժամանակին չկարողանալով վերցրած վարկերի գումարները վճարել, Արմեն Ղայթանջյանի առաջարկով խնդրել են բանկ գնալ իրենց ընկերներին, ծանոթներին: Հենց նրանց անուններով էլ նոր վարկային պայմանագրեր են կազմվել Արմեն Ղայթանջյանի և, վերջինիս խնդրանքով, բանկի մյուս աշխատակիցների կողմից: Այդ մարդկանց անուններով ձևակերպված նոր վարկային պայմանագրերով նախատեսված գումարները ձևականորեն ստացվել են վարկառուների կողմից, իսկ նախորդ` արդեն պայմանագրերով նախատեսված ժամկետներն ավարտված վարկային պայմանագրերի հիման վրա ստացված վարկերի գումարներն իբրև թե վճարվել են, սակայն այդ ամենը կատարվել է անկանխիկ, ձևականորեն: Այսինքն` նոր վարկառուն, ստորագրելով վարկային պայմանագրով նախատեսված գումարը ստանալու մասին բանկի դրամարկղի ելքի օրդերը, գումարը փաստացի չի ստացել, և այդ գումարն ուղղվել է ժամկետը լրացած նախորդ վարկային պայմանագրերից ինչ-որ մեկի գումարի վճարմանը: Դե մտածեք, թե ինչպես է հնարավոր դարձել այս ամենը…

Հետագայում, ինչպես պարզվել է նախաքննությամբ, վերը նշված հնարքով` այլ մետաղներից պատրաստված զարդերի գրավադրմամբ, վարկային պայմանագրերի քանակը և հիշյալ անձանց ստացած գումարներն ավելացել են, և նոր վարկային պայմանագրեր կազմելու նպատակով, հնարավոր չի եղել ապահովել թվով ավելի շատ անձանց ներկայությունը բանկում:

Ըստ նախաքննության արդյունքի, ինչպես իր կողմից կատարված հափշտակությունները, այնպես էլ մյուս ապօրինությունները քողարկելու նպատակով, Արմեն Ղայթանջյանի առաջարկով Տիգրան Քոչարյանը, Վարդան Բալխչյանը, Տիգրան Քոչարյանին պատկանող «Թիթեռ» բարի աշխատող, բարմեն Անդրանիկ Պետրոսյանը Արմեն Ղայթանջյանին են ներկայացրել նաև իրենց ծանոթների, հարևանների, բարեկամների անձնագրերը կամ անձնագրային տվյալները, որոնց հիման վրա, առանց այդ անձանց բանկ ներկայանալու, «Յունիբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գրիգորյանը, մասնաճյուղի կառավարչի տեղակալ Վարոս Սարգսյանը, գլխավոր հաշվապահ Սիրուն Գրիգորյանը, դրամարկղի վարիչ Անահիտ Գինոսյանը, մենեջեր Ալինա Սարգսյանը, հաշվապահ Անահիտ Գրիկյանն իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ և Արմեն Ղայթանջյանի ու նրա ընկերների օգտին օգտագործելով, Արմեն Ղայթանջյանի խնդրանքով, բանկի մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գրիգորյանի հրահանգով, տարբեր քաղաքացիների անուններով, առանց վերջիններիս գիտության, Արմեն Ղայթանջյանի հետ ձևակերպել են բազմաթիվ կեղծ սպառողական վարկեր, որոնցում այդ անձանց փոխարեն կեղծ ստորագրություններ են կատարվել Արմեն Ղայթանջյանի և Անդրանիկ Պետրոսյանի կողմից:

Ինչպես ասում են, շան գլուխը հենց այստեղ է թաղված: «Յունիբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գրիգորյանը, մասնաճյուղի կառավարչի տեղակալ Վարոս Սարգսյանը, գլխավոր հաշվապահ Սիրուն Գրիգորյանը, դրամարկղի վարիչ Անահիտ Գինոսյանը, մենեջեր Ալինա Սարգսյանը, հաշվապահ Անահիտ Գրիկյանն իրենց կարգադրիչ և այլ լիազորություններն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ են բանկի շահերին հակառակ և Արմեն Ղայթանջյանի ու նրա ընկերների օգտին օգտագործել: Լավ, մի պահ ենթադրենք, թե Արմեն Ղայթանջյանը մոտ 2,5 տարի աշխատելով հիշյալ մասնաճյուղում, ձեռք էր բերել նրանց վստահությունը, և հիշյալ անձինք Արմեն Ղայթանջյանի խնդրանքն են կատարել: Բա վերջինիս ընկերներն ու ծանոթները, նրա՞նք էլ են բանկում աշխատել և իրենց վստահությունը ձեռք բերել, նաև նրա՞նց խնդրանքն են կատարել… Իհարկե՛ ոչ, այս կերպ պատճառաբանելն ուղղակի անհեթեթ կլինի: Եվ, այդ դեպքում, ինչո՞ւ են իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ և ոչ միայն Արմեն Ղայթանջյանի, այլև նրա ընկերների, ծանոթների օգտին օգտագործել, որոնց ստվար ցանկն, անհրաժեշտության դեպքում, կարող ենք հրապարակել: Նախաքննության մարմինն ինչո՞ւ չի պարզել այս հարցի պատասխանը, ինչո՞ւ կատարվածին լիարժեք քրեաիրավական գնահատական չի տրված:

Ավելին. ինչու քրեական պատասխանատվության չի կանչված նաև «Յունիբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գրիգորյանը, ում հրահանգով, ըստ նախաքննության արդյունքի, հիշյալ մասնաճյուղի կառավարչի տեղակալ Վարոս Սարգսյանը, գլխավոր հաշվապահ Սիրուն Գրիգորյանը, դրամարկղի վարիչ Անահիտ Գինոսյանը, մենեջեր Ալինա Սարգսյանը, հաշվապահ Անահիտ Գրիկյանը տարբեր քաղաքացիների անուններով, առանց վերջիններիս գիտության, Արմեն Ղայթանջյանի հետ ձևակերպել են բազմաթիվ կեղծ սպառողական վարկեր: Ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն կանչված նաև բազմաթիվ կեղծ սպառողական վարկեր ձևակերպած հենց վերոնշյալ անձինք, նաև «Թիթեռ» բարի աշխատող Անդրանիկ Պետրոսյանը, որը նույնպես, ինչպես պարզվել է նախաքննությամբ, Արմեն Ղայթանջյանի հետ միասին այլ անձանց փոխարեն, կեղծ ստորագրություններ է կատարել, ինչու հուլիսի 17-ին Արմեն Ղայթանջյանի կողքին չեն լինելու այլ անձինք ևս: Նրանք հանցակիցներ, օժանդակողներ  չե՞ն… Քանի դեռ այս հարցերի պատասխանը չկա, շրջանառվող այն խոսակցությունը, թե շատերի գործերը «դզել» կամ առաջիկայում «դզելու» են, որպեսզի այլ անձանց անուններ չտան ու չբացահայտվի այսբերգի վերին մասը, հավաստիությունից զուրկ չի թվում:

Պայմանագրերով նախատեսված վարկերի գումարների մի մասը, ինչպես պարզվել է նախաքննության արդյունքում, Արմեն Ղայթանջյանը տրամադրել է իր ծանոթներին և ընկերներին, իսկ մնացածին` թվով 177 վարկային պայմանագրերով նախատեսված, ընդհանուր առմամբ, 133 741 555 դրամին, խարդախությամբ տիրացել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Արմեն Ղայթանջյանը, բանկի վարկային մասնագետ Մարգար Հարությունյանի հետ կազմել են կեղծ գրավի և վարկային պայմանագրեր, գրավի գնահատման և ընդունման ակտեր, վարկի ստացման համար դիմումներ, դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ, որոնք գրավառուների փոխարեն ստորագրել են ինչպես Արմեն Ղայթանջյանը, այնպես էլ, վերջինիս խնդրանքով, Անդրանիկ Պետրոսյանը: Արմեն Ղայթանջյանը ձևակերպված այդ վարկային պայմանագրերով նախատեսված գումարներով միաժամանակ մարել է նախկինում ձևակերպված վարկերի գումարները, իսկ նոր վարկերի գումարներով վճարել է նախկին վարկերի տոկոսները: Այսինքն` վերաձևակերպել է վարկերը` երկարաձգելու համար դրանց մարման ժամկետները, նոր վարկերի ձևակերպման արդյունքում բանկից ստացված գումարներով վճարելով հին վարկերի տոկոսները: Միաժամանակ նույն կերպ նոր վարկեր ձևակերպելով, Արմեն Ղայթանջյանը, նախաքննության արդյունքների համաձայն, բանկի դրամարկղից ստացել ու հափշտակել է նաև այդ վարկերի գումարները:

Պարզվել է նաև, որ Արմեն Ղայթանջյանը 2006 թվականին «Յունիբանկ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավար Գևորգ Դրամբյանից տեղեկանալով, որ 2006թ. հունիսին «Յունիբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղում ստուգում է իրականացվելու, հունիսի 12-ին նրան հրավիրել է ճաշկերույթի, որի ընթացքում խնդրել է հնարավորինս ուշացնել այդ ստուգումը և հայտնել է, որ որոշ վարկերի գրավի առարկաները ոսկուց չեն` խոստանալով մի քանի օրից ամեն ինչ շտկել: Գևորգ Դրամբյանը համաձայնվել է, որևէ գործողություն չի ձեռնարկել վիճակը շտկելու համար, դեռ ավելին` իր պարտականությունների մեջ մտնող, բանկի «Մալաթիա» մասնաճյուղում պլանավորված ստուգումն Արմեն Ղայթանջյանի խնդրանքով հետաձգել է, ինչի հետևանքով Արմեն Ղայթանջյանը շարունակել է «Յունիբանկ» ՓԲ ընկերությունից գույքի խարդախութամբ հափշտակությունը:

2006թ. հունիսի 15-ին Գևորգ Դրամբյանը, տեղեկանալով, որ նույն օրը հանձնաժողովային կարգով ստուգում է իրականացվելու «Յունիբանկ» ՓԲ ընկերության «Մալաթիա» մասնաճյուղում, զանգահարել և այդ մասին հայտնել է Արմեն Ղայթանջյանին, ով աշխատանքի վայրում հայտնելով, թե իբր ընկերն ավտովթարի է ենթարկվել, դուրս է եկել բանկից և դիմել փախուստի:

Շատ հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ, ինչի՞ց հետո է բանկի հիշյալ մասնաճյուղում նշված ստուգման (այն էլ` հանձնաժողովային) անհրաժեշտությունն առաջացել: Ըստ մեր նախնական տեղեկությունների, Մոսկվայից են զանգել, ասել, թե ինչ է կատարվում ու պահանջել ստուգում: Բայց, որքան էլ տարօրինակ է, անմիջապես և անակնկալ ստուգում իրականացնելու փոխարեն, մասնաճյուղի ղեկավարն այն ձգձգել է, նա կամ ղեկավարությունից մեկ ուրիշն այդ մասին, կարծես զգուշացնելով, այդ մասին իրազեկել է այլոց: Ինչո՞ւ…

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան

Աղբյուր` Nyut.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին